Տարեվերջից սկսված սահմանային լարվածությունը, որը տարօրինակ զուգադիպությամբ մի քանի օրով նվազեց, երբ մեծացավ լարվածությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում, վերջին օրերին կրկին աճել է: Եվ քանի որ նույն՝ տարօրինակ զուգադիպությամբ երկրում ներքաղաքական լարվածությունը, կարելի է ասել, իսպառ վերացել է, ՀՀ քաղաքական գործիչները վերջապես ժամանակ եւ եռանդ են գտնում՝ անդրադառնալու նաեւ սահմանում ընթացող դանդաղ պատերազմին:
Վերջին երեք օրերին հայկական կողմի տված երեք զոհերը դարձյալ հրատապ են դարձրել այն հարցը, թե, ի վերջո, երբ պետք է արձագանքի Հայաստանի անվտանգության երաշխավորը` ի դեմս ՀԱՊԿ-ի: Այս հարցը հատկապես կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը հետզհետե ավելացնում է սահմանային լարվածությունը թե՛ որակական, թե՛ աշխարհագրական առումով: Ասել է թե` հստակ տեսանելի է, որ Ադրբեջանը զարգացումներն անշեղորեն տանում է էսկալացիայի, եւ այսպես երկար շարունակվելու դեպքում, ի վերջո, առնվազն լոկալ պատերազմը կարող է դառնալ անխուսափելի:
Արդ` ինչին է սպասում ՀՀ իշխանությունը եւ ինչու մինչ օրս չի դիմում ՀԱՊԿ-ին` առնվազն համապատասխան զսպիչ հայտարարություն անելու պահանջով: Այս հարցի հետ կապված նախկինում ՀՀ իշխանությունները մշտապես տալիս էին անորոշ, այսպես ասած, «ցրողական» պատասխան, մինչդեռ նախօրեին արդեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե հարցը քննարկման փուլում է. «Ինձ թվում է, որ շարունակականության դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան, եւ, իրոք, դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ արդեն բոլոր սահմաններն անցնում են»: ՀՀ Պն նախարար Սեյրան Օհանյանի` «Ռեգնումին» տված հարցազրույցից հետո Բաղդասարյանի այս հայտարարությունը բավականին ուշագրավ է: Փաստորեն Օհանյանը «ռուս գործընկերներին» կոչ էր անում հաշվի առնել նաեւ իր դաշնակից Հայաստանի շահերը եւ «զսպել» Ադրբեջանի զինվելու մոլուցքը, իսկ Բաղդասարյանն էլ հայտնում է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին` իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու պահանջով:
Սա նշանակում է, որ իրավիճակն արդեն իսկ հասունացել է այնքան, որ ՀՀ իշխանություններն այլեւս չեն կարող շարունակել հանուն «դրսից ուրիշի աչքը հանելու, ներսից` հանել սեփականը», եւ ստիպված են լինելու առաջիկայում կա՛մ ստիպել ՀԱՊԿ-ին կատարել իր պայմանագրային պարտավորությունները, կա՛մ էլ ՀԱՊԿ-ի ոչ կենսունակության փաստը տեսանելի դարձնել բոլորի համար: Ի վերջո, քանի դեռ չենք դիմել ՀԱՊԿ-ին, չենք կարող ասել` գործուն կառույց է այն, թե ոչ: Դա փաստացի պարզ կդառնա միայն դիմելուց հետո: Սակայն այդ դեպքում էլ արդեն Հայաստանը կզրկվի անվտանգության իր միակ, թեկուզեւ` ոչ գործուն, հովանոցից: