ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին:
Համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրների շուրջ 25 հազար ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ եւ վերամշակողներ:
Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն է բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի եւ Եվրասիական տարածաշրջանի երկրների միջեւ: Համաժողովը միաժամանակ հիանալի հնարավորություն է մասնակից երկրների համար ներկայացնել ընդերքի ոլորտում ունեցած հնարավորություններն ու առաջարկները:
Համաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:
Երվանդ Զախարյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել հանքարդյունաբերության բնագավառի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող «Dundee Precious Metals», «Lydian International», «Centerra Gold inc» ընկերությունների ղեկավարների հետ:
Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման եւ գործունեության ընդլայնման հետ կապված հարցերը:
Նախարարը մասնակցել է նաեւ համաժողովի շրջանակներում կազմակերպված հանքարդյունաբերության ցուցահանդեսին: