Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարին քաղաքականությունից հեռացնելուց հետո Սերժ Սարգսյանին այլեւս ոչինչ չի խանգարում իրականացնելու իր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները: Ու թեեւ Սահմանադրության փոփոխությանը, բացի ԲՀԿ-ից, դեմ էին նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այդուհանդերձ, առկա իրավիճակում վերջին երկու ուժերի հակազդեցության ռեսուրսները չնչին են եւ չեն կարող էապես խոչընդոտել Սերժ Սարգսյանի ծրագրի իրագործմանը:
Եվ պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից անմիջապես հետո Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կդրվի հանրաքվեի. «Բնականաբար, հանրաքվեի կներկայացվի: Ես կարծում եմ՝ աշնանը Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել` աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը»,-ասաց ԱԺ նախագահը:
Կասկածից դուրս է, որ մարտի կեսերին` խոստացված ժամկետի ավարտին, Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական բարեփոխումների փաթեթը հանրաքվեի ներկայացնելու մտադրության մասին, եւ դրան այլեւս չի հետեւի որեւէ լուրջ հակազդեցություն` ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ, առավել եւս, արտախորհրդարանական ուժերի կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է մինչեւ ապրիլի 24-ը երկամսյա դադար վերցնելու մասին` խորհուրդ տալով այդ ընթացքում հարթակը զբաղեցնել իր իսկ կողմից ծաղրի ենթարկված ընդդիմադիր մնացած ուժերին: Ինքնին հասկանալի է, որ հատկապես Տեր-Պետրոսյանի այդ «բարեհոգությանն» ի պատասխան` այդ ուժերից եւ ոչ մեկը մինչ ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումների չի գնա: Եվ եթե հաշվի չառնենք «Հիմնադիր խորհրդարանին», որի ռեսուրսները, գոնե առայժմ, այդքան էլ մեծ չեն` որոշիչ դերակատարության համար, ապա մինչեւ ապրիլի 24-ը Սերժ Սարգսյանը կարող է անել ինչ կամենա` առանց որեւէ մտավախության: Իսկ դրանից հետո էլ, մոտ մեկ շաբաթ, դեռ կլինի 100-ամյակի իներցիան, ապա քաղաքական սեզոնը կմոտենա ավարտին, եւ ամառային ամսիներից հետո Սերժ Սարգսյանը միանգամայն հանգիստ կկազմակերպի Սահմանադրության փոփոխման հանրաքվեն:
Դե, իսկ ողջ 2016-ի ընթացքում էլ նա հանգիստ կգծի առաջիկա խորհրդարանը, որի նախագահը դառնալով՝ կապահովի իր վերարտադրությունը: Որքան էլ ցավալի է, սակայն Սերժ Սարգսյանի այս «ճանապարհային քարտեզի»-ին այլեւս ոչինչ չի կարող խանգարել: Բացի, իհարկե, ֆորս մաժորային արյունալի զարգացումներից: