Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը երեկ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Ներկայացնելով Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները` նա հայտնել է, որ Պերմյակովը ձերբակալվել է սահմանապահ ուղեկալի ինժեներա-տեխնիկական կառույցների սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձերբակալման ընթացքում նա չի կատարել հրամանը եւ շարունակել է շարժվել, արդյունքում հնչել է նախազգուշացնող կրակոց, որից հետո էլ Պերմյակովին հաջողվել է ձերբակալել:
Այս հայտարարությունից հետո, փաստորեն, այլեւս անվիճարկելի է դառնում այն, որ Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը, մի բան, որը ողբերգության հաջորդ օրն արդեն փորձ արվեց քողարկել տարբեր տեղեկատվական արտահոսքերով, թե իբր Պերմյակովին բռնել են սահմանային ուղեկալից բավականին հեռու` դաշտում պառկած: Ասել է թե` սահմանը խախտելու փորձ, իբրեւ այդպիսին, հնարավոր չի եղել արձանագրել, ուստի եւ ՀՀ իրավապահ մարմինները հիմքեր չեն ունեցել սահմանը խախտելու փորձի մեղադրանք առաջադրել:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովի նկատմամբ հարուցվել է 2 քրեական գործ։ Ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով, իսկ հայկական կողմը` «սպանության» հոդվածով։ Մինչդեռ, եթե գործ հարուցվեր նաեւ սահմանի խախտման փորձի համար, այդ դեպքում, ըստ մի շարք հայ փորձագետների, ռուսական կողմը ստիպված էր լինելու Պերմյակովին հանձնել Հայաստանին: Այդ մասին դեռեւս հունվարի19-ին հայտարարել էր նաեւ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որի պնդումներն, ի դեպ, այդպես էլ որեւէ մեկը չհերքեց:
Եվ հիմա, երբ ռուսական կողմն արդեն իսկ հայտարարել է, թե Պերմյակովը արտահանձնման ենթակա չէ, քանի որ դա հակասում է ՌԴ Սահմանադրությանը, գեներալ-մայոր Վ. Բիրյուկովի շուրթերով, փաստորեն, հնչում է մի փաստարկ, որն օգտագործելու դեպքում հայկական կողմը կարող է հասնել Պերմյակովին Հայաստանին արտահանձնելու որոշման: Այլ հարց է, թե ինչպես եւ ինչու Բիրյուկովին թույլ տրվեց խոսել այդ մասին: Արդյո՞ք դա Պերմյակովին հանձնելու շուրջ ինչ-ինչ պայմանավորվածության արդյունք է ՀՀ եւ ՌԴ ղեկավարության միջեւ, թե՞ հերթական անգամ հայկական կողմին նվաստացնելու փորձ. քանի որ եւս մեկ անգամ ընդգծվում է, որ առկա է իրավական հիմքը, սակայն Պերմյակովին չեն հանձնում, քանզի պարզապես չեն ուզում:
Անկախ այն բանից, թե որն էր Բիրյուկովի երեկվա հայտարարության դրդապատճառը, ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է դա օգտագործել` վերանայելու համար Պերմյակովին առաջադրված մեղադրանքները եւ հասնելու նրա հանձնմանը ՀՀ արդարադատությանը: