Չեմ նեղվում, որ այստեղ չեմ գնահատվում. Սուրեն Թադևոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադեւոսյանն այն համոզմանն է, որ Հայաստանում դեռ երկար ժամանակ չենք կարող նկարահանել լուրջ ֆիլմեր, քանի որ չունենք համապատասխան դերասանական դպրոց եւ ստեղծագործական խումբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում փառատոների սակավության խնդրին, խոսել է, ինչպես ինքն է ասում, «Ոսկե ծիրան»-ի մոնոպոլիական կարգավիճակից եւ այլ թեմաներից:

-Սուրե՛ն, այս տարվա հետ ի՞նչ ծրագրեր եք կապում: Արտերկրում անելիքներ ունե՞ք:

-Աշխատում եմ մի քանի նախագծերի վրա, որոնք պետք է իրագործվեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Խոսքս լիամետրաժ ֆիլմի եւ հեռուստատեսային նախագծերի մասին է: Դեռեւս այսքանը կարող եմ ասել:

-«Ոսկե ծիրան»-ին այս տարի է՞լ եք մասնակցելու, թեկուզ ոչ մրցութային կարգով:

-«Ոսկե ծիրան»-ը մոնոպոլիական կարգավիճակ ունի մեր երկրում, եւ եթե ուզում ես Հայաստանում ինչ-որ փառատոնի ցուցադրվել, պետք է մասնակցես «Ոսկե ծիրան»-ին: Անգամ չգիտեմ` սա լավ է, թե վատ: Երբ նախորդ տարի իմ ֆիլմը ներկայացրեցի այնտեղ, երեւի համարեցին, որ այն այդքան էլ արժանի չէր մրցութային ծրագրում ներկայացված լինելուն, ուստի ես համաձայնեցի մասնակցել ոչ մրցութային ծրագրին: Դրանից հետո իմ ֆիլմն ընտրվեց աշխարհի բավական հայտնի 14 միջազգային կինոփառատոնների կողմից, արժանացավ մրցանակների, ցուցադրվեց ավելի քան 9 երկրում: Այնպես որ, ես չեմ «նեղվում», որ այստեղ չեմ գնահատվում: Այս ամենից պարզապես հետեւություններ եմ անում:

suren

-Հայաստանը կինոփառատոնների կարիք ունի՞:

-Կոնկրետ «Ոսկե ծիրան»-ն, ամեն դեպքում, լուրջ աշխատանք է կատարում, հայկական կինոն ավելի ճանաչելի է դարձնում լայն շրջանակներում եւ այլն: Վատն այն է, որ մենք հազիվ մի փառատոն ենք կարողանում պահել: Գոնե 5-6 նման փառատոն պետք է ունենայինք: Եթե, օրինակ, ես գիտեմ, թե ինչպես կարելի է անել, որ իմ աշխատանքները դրսում կյանք ունենան, ապա շատերի համար «Ոսկե ծիրան»-ի պես փառատոնները երեւալու եզակի հնարավորություններից են:

-Հետաքրքիր է, որ Դուք նաեւ գրքեր եք հեղինակում: Կարելի՞ է ասել, որ դրանք գրվում են` հետագայում Ձեր ֆիլմերի համար որպես սցենար ծառայելու նպատակով:

-Մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ եւ սովորելու տարիներին ուսումնասիրել եմ նաեւ սցենարային աշխատանք: Անգամ գիրք գրելիս ես վիզուալ եմ մտածում: Երկրորդ գիրքս, որի անվանումն է «Նրանք», հետաքրքիր թեմա է արծարծում, եւ կարծում եմ, որ եթե դրա մոտիվներով ֆիլմ նկարահանվի, այն մեծ հաջողություն կունենա: Հույս ունեմ, որ այն կնկարահանվի դրսում, տեսնենք` ինչպես կստացվի:

-Սուրե՛ն, վերջին շրջանում Հայաստանում նոր թողարկվող ֆիլմերի շարքում գերակշռողը կատակերգություններ են: Այս հանգամանքն ինչո՞վ եք պայմանավորում:

-Այդ տենդենցն առկա է ողջ աշխարհում: Իսկ Հայաստանում, որտեղ ֆիլմերը կարող են շահույթ ապահովել տոմսարկղից եկած գումարներով միայն, բնական է, որ պետք է քոմեդի նկարահանեն: Չնայած, ինչ-որ առումով սա էլ ազգային սովորության հարց է: Օրինակ` Ռուսաստանում էլ է քոմեդին շահութաբեր, իսկ, ահա, եվրոպական մի շարք երկրներում կոմերցիոն են համարվում սարսափ ժանրի ֆիլմերը:

suren tadevosyan

-Որակյալ կինո նկարահանելու համար մեզ ի՞նչ է պակասում:

-Մենք դեռ երկար ժամանակ չենք կարող նկարահանել, օրինակ, լուրջ դրամատիկ ֆիլմեր, քանի որ չունենք համապատասխան դերասանական դպրոց եւ ստեղծագործական խումբ, իսկ տեխնիկական անձնակազմ մեծ ցանկության դեպքում հանարավոր է ապահովել: Ամեն դեպքում, ամենաորոշիչ կոմպոնենտը մնում է ֆինանսը: Այնքան, որքան հարկավոր է որակ ստանալու համար` տոմս վաճառելով չես հավաքի:

-Այսինքն` պետք է աշխատել դրսի շուկայի համար:

-Այդ դեպքում հարց է ծագում` ի՞նչ կարող են առաջարկել այստեղի մասնագետները դրսի շուկային: Մենք ունենք շատ լավ օպերատորներ, մոնտաժողներ եւ այլն, բայց նրանց աշխատանքը չի երեւում, ակնհայտը ռեժիսորի աշխատանքն է:

-Որն այնքա՞ն էլ որակյալ չէ:

-Դե, ի՞նչ իմանաս, գուցե մի օր… (ծիծաղում է):

surrr

Զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս