ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԲՀԿ-Ն ԼՔՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից հեռանալու մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տ. Ուրիխանյանը խոստովանեց, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության ամենաթեժ փուլում եղել է մի պահ, երբ իրեն միայնակ է զգացել հակամարտության դաշտում:

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 4-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Տ. Ուրիխանյանը մտադրություն ունի հրաժարվելու այդ պաշտոնից: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչո՞ւ նա նման որոշում կայացրեց:
-Պարո՛ն Ուրիխանյան, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Դուք որոշեցիք հրաժարվել ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ի՞նչն էր խանգարում Ձեզ շարունակել աշխատել նույն կարգավիճակում:
-Ես միշտ ասել եմ ու այս խժդժությունների առաջին իսկ օրվանից մեկ բան եմ հայտարարել՝ բացարձակապես երկրորդական է, թե ինչ կարգավիճակ ու պաշտոն եմ զբաղեցնում, կարեւորն այն է, որ ինչպես եղել եմ, այնպես էլ մնալու եմ ժողովրդի կողքին, ժողովրդի շահի պաշտպան: Քաղաքական գործունեության մեջ ժողովրդական պատվերի իրականացումը համարում եմ գերնպատակ ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարող վիճել ինձ հետ այս հարցում: Հետեւաբար մնացածը բխում է դրանից, մնացած «ինչու»-ներին որեւէ այլ պատասխան ես ոչ թե չունեմ, այլ չեմ տալիս` պարզապես նպատակահարմարությունից ելնելով: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե ինչն էր խանգարում, ապա նշեմ, որ ոչինչ չէր խանգարում, նպատակահարմարությունից ելնելով եմ այդ քայլը կատարել:
-Նշեցիք, որ մնալու եք ժողովրդի կողքին ու ժողովրդի շահերի պաշտպանը, այսինքն՝ եթե ԲՀԿ մամլո խոսնակը լինեիք, չէի՞ք կարող այդ դերակատարությունն ունենալ:
-Այդ հարցը բաղկացած է երկու առանձին մասերից, որոնք մեկը մյուսի հետ ես չեմ կապում:
-Իսկ ինչպիսի՞ կարգավիճակ եք ունենալու կուսակցությունում, հնարավո՞ր է, որ Ձեր հաջորդ քայլը լինի կուսակցությունից դուրս գալը:
-Ես բարձր եմ գնահատում Ձեր լրագրողական հնարամտությունն ու պրոֆեսիոնալիզմը, որն ինձ ակնառու է դառնում Ձեր սույն հարցադրմամբ, որով Դուք միանգամից ուզում եք ստանալ բազմաթիվ այլ հարցերի պատասխան: Հետեւաբար, նորից կրկնում եմ՝ մնացած բոլոր իմ գործողությունների՝ որտեղ լինելու, չլինելու, ինչպիսի քայլեր կատարելու կամ միգուցե չկատարելու եւ, ընդհանրապես, այդ ամենի վերաբերյալ ես այս պահի դրությամբ չեմ խոսում՝ եւս նպատակահարմարությունից ելնելով:
-Ամեն օր առնվազն մի քանի ԲՀԿ-ականներ լքում են կուսակցության շարքերը ու փորձում են «ապաստան» գտնել այլ տեղերում, որքանո՞վ եք ճիշտ համարում ԲՀԿ-ականների այդ որոշումը, արդյո՞ք բարոյական էր այս պահին նման քայլի դիմելը, եւ արդյո՞ք Դուք եւս «ապաստանի» խնդիր ունեք:
-Նախ եւ առաջ ուզում եմ բեւեռել բոլորի ուշադրությունը մեկ պարզ բանի վրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության եւ, հատկապես, վերջին շրջանի ամենաթեժ, ամենածանր, ամենապատասխանատու պահին շատ պարզ երեւաց՝ ովքեր մնացին, ու ովքեր չմնացին: Ձեր խոնարհ ծառան իրականացրեց այն ամենը, ինչ կարող էր իրականացնել ազնիվ մարդը, դեռ ավելին՝ տվեց իր պարտքը կուսակցության թիմին, հիմնակատարեց իր պարտքը կուսակցության թիմին եւ նույնիսկ մի պահ զգաց իրեն միայնակ՝ հակամարտության դաշտում: Դրանից հետո, երբ փոխվեց իրավիճակը, առավել եւս հիմա բոլոր նրանք, ովքեր լքում են կուսակցությունը, ունեն դրա բարոյական իրավունքը, ես որեւէ մեկին մեղադրելու իրավունք ինձ չեմ վերապահի ու ինձ թույլ չեմ տա դա անել, ինչպես նաեւ խորհուրդ եմ տալիս, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ մեկին մեղադրել, եւս գիտակցեն այդ իրավունքի բացակայության մասին, որովհետեւ մարդիկ մինչեւ վերջ, իսկ ոմանք էլ՝ վերջից էլ դեռ զանց, մնացին իրենց սկզբունքի ու համոզմունքի համար կանգուն:
-Պարո՛ն Ուրիխանյան, այն սպասելիքները, որոնք ունեիք ԲՀԿ-ի արտահերթ համագումարից, իրականացան, արդյո՞ք Ձեզ բավարարեց Գագիկ Ծառուկյանի ելույթն ու քաղաքականությունից դուրս գալու որոշման` ներկայացված հիմնավորումը:
-Չեմ ակնկալել որեւէ հարիր պատասխան, որպեսզի ստանայի կամ չստանայի, իրավիճակն ինձ համար պարզ է:
-ԲՀԿ նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, ըստ Ձեզ՝ արդյո՞ք Ն. Զոհրաբյանը կարող է լինել Գագիկ Ծառուկյանին արժանի փոխարինող:
-Ես ընդամենը կարող եմ ասել հետեւյալը՝ տիկին Զոհրաբյանը հարգանքի արժանի անձնավորություն է, ես իր մասին մտածելիս հոգումս եւ գիտակցությանս մեջ կարող եմ կամենալ միայն լավն ու բարին եւ վստահ եմ, որ նրա արժանիքները հավուր պատշաճի կգնահատվեն նաեւ մեր մնացած գործընկերների, քաղաքական պարտնյորների եւ հանրության կողմից:
Հ. Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես վստահվել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին:

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԵՆ «ԲԱՑԵԼ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում տարբեր տիպի բիզնես գործունեություն են ծավալել: Նրա փեսան` Էրվին Ամիրյանը, սառույցի արտադրություն է «դրել» թատրոնի ներսում, իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է «բացել» թատրոնի հարակից տարածքում: Իսկ այս ամենին «հետեւում» է Ալեքսանդր Գրիգորյանի կինը՝ Տոմա Գրիգորյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ թատրոնի ղեկավարը նման «լուրջ» գործունեություն է ծավալել թատրոնի ներսում, ու կարելի է ասել՝ պետական հաստատությունը «սեփականաշնորհել» է: Պարզվում է՝ Ալեքսանդր Գրիգորյանի ընտանեկան բիզնեսին ոչ ոք չի էլ խոչընդոտում: Ընդ որում, Ա. Գրիգորյանի փեսան իր բիզնեսը «դրել» է այն սենյակներում, անգամ «գրիմյորների» սենյակներում, որտեղ թատրոնի աշխատակիցներն աշխատում են:
Թատրոնի աշխատակիցները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խուսափեցին նշել, թե երբվանից է Ա. Գրիգորյանի փեսան նման բիզնես-գործունեություն ծավալել թատրոնի ներսում: Թատրոնի աշխատակիցները մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատեցին, որ նման արտադրամաս կա թատրոնում, սակայն հորդորեցին այդ հարցով դիմել Ա. Գրիգորյանին:
«Ժողովուրդ»-ը փորձեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանից պարզել, թե ինչու են իր ընտանիքի անդամները պետական մշակույթի կենտրոնում նման գործունեությամբ զբաղվում: Ա. Գրիգորյանը հայտարարեց, թե իրենք դեռեւս նման բիզնես չեն սկսել, սակայն մտադրություն ունեն. «Հիմա թատրոնի ներսում որեւէ աշխատանք չի տարվում, բայց հնարավոր է՝ մի քանի ամիս հետո որեւէ մի նախաձեռնություն սկսվի, համենայնդեպս, նման ցանկություն կա»: Մեր տարակուսանքին՝ արդյո՞ք ՀՀ մշակույթի նախարարությունը թույլատրելու է նման բիզնես-գործունեություն ծավալել պետական մշակութային հաստատությունում, Գրիգորյանն արձագանքեց. «Կխոսենք, եթե ստացվեց՝ ստացվեց, եթե չստացվեց, ուրեմն չստացվեց, թույլ տվեցին, թույլ տվեցին, եթե թույլ չտվեցին, ուրեմն թույլ չտվեցին»: Մեր ճշտող հարցին, թե ՀՀ մշակույթի նախարարությունից թույլտվություն ստանալու դեպքում թատրոնում սառույցի արտադրամա՞ս են «բացելու», թատրոնի ղեկավարը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես ճիշտը չգիտեմ, հնարավոր է հենց դա»:
Հ. Գ. Հիշեցնենք, որ նույն Հասմիկ Պողոսյանի թույլտվությամբ 2014 թվականի հունիսին Գառնիի եւ Զվարթնոցի տաճարների տարածքներում մեծ գումարների դիմաց փարթիներ էին կազմակերպվել տարբեր կազմակերպությունների կողմից: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ի պատասխան հանրային վրդովմունքին, արձագանքել էր, թե այդ ամենին նորմալ է վերաբերում: Սա երեւի հերթական «նորմալ» երեւույթն է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար քաղաքացիներից բողոքներ է ստանում այն մասին, որ հայաստանյան որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ, ինչի արդյունքում քաղաքացիները հետագայում վարկը մարելիս լուրջ վնասներ են կրում: Երեկ այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Բանկերը չեն կարող մեկ դոլարը 600 դրամ արժողությամբ վարկեր տրամադրել, քանի որ գոյություն ունի տվյալ օրվա համար սահմանված արտարժույթ: Բայց եթե նման դեպքեր լինում են, ապա հորդորում ենք, որպեսզի զանգահարեն ԿԲ-ի թեժ գիծ ծառայությանը»:

 

ՆՄԱՆ ԲԱՆ ԷԼ ԿԱ
Պարզվում է՝ Հայաստանում գոյություն ունի «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն: Վերջինս հրապարակել է իր՝ 2014 թվականի գործունեության, կամ ավելի ճիշտ կլինի ասել, չգործելու փաստն արձանագրող տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի` նշված կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական մուտքեր եւ ելքեր չի ունեցել: Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում շարժական եւ անշարժ գույք եւս չի ունեցել: Մի խոսքով՝ զրո շարժ եւ վերջ: Սակայն պարզվում է` «Մեր տունը Հայաստանն է»-ն, որը մինչ օրս ոչ մի անգամ ընտրությունների չի մասնակցել եւ ընդհանրապես իր գոյության մասին զգացնել չի տվել, բավականին հին կուսակցություն է, պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այն ստեղծվել է հեռավոր՝ 2004 թվականին: Որպես հիմնադիրներ նշված են Վաչագան Չիբուխչյան, Կոստան Կոստանյան, Էդուարդ Բաշրաթյան, Նաիրա Երեմյան եւ Աշոտ Բաղդասարյան:

 

ՔՐԵԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Այս տարվա հունվարին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում արձանագրվել է 1003 հանցագործություն: Անցած տարվա հունվարի համեմատ՝ հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 151-ով: Սակայն ուշագրավ է այն, որ ընդհանուր նվազման պայմաններում աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, դրանք 294-ից դարձել են 324: Մասնավորապես, 2014-ի հունվարին արձանագրվել էր սպանության 8 դեպք, իսկ այս տարի` 10: Անցած տարվա հունվարին արձանագրվել էր սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության 9, այս տարի՝ 15 դեպք: Ի դեպ, հանցագործությունների արձանագրման ցուցանիշով մարզերից առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ այս տարվա հունվարին արձանագրվել է հանցագործության 94 դեպք:




Լրահոս