Դատապարտյալը դիմում է նախագահին, որպեսզի դադարեցվեն դատավոր Մեսրոպ Մակյանի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ, այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը բաց նամակով դիմում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.

«Հարգարժան նախագահ,

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:30-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ- ում տեղի է ունեցել իմ վերաբերյալ բողոքի դատական քննությունը, Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Սույն թվականի հունվարի 30-ին ԴՀ ՔԿՀ-ում տեղի է ունեցել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նիստ, որի ժամանակ անհիմն պատճառաբանությամբ ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է անկախ հանձնաժողովի միջնորդությունը ինձ պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդությունը:

Սրա հետ ես համաձայն չեմ եղել և որոշումը բողոքարկել եմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պահանջել եմ վերացնել ԴՀ ՔԿՀ-ի հունվարի 30-ի՝ պատվերով որոշումը: Նշված դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, համագործակցելով հանցավոր խմբի հետ, պաշտոնական լիազորությունների չարաշահման միջոցով իրականացրել է պատվերի պահանջները: Այսպես, իմ վերաբերյալ դատական նիստն անց է կացրել ԴՀ ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանի աշխատասենյակում, չնայած նրան, որ ես օրինական կարգով միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի այդ դատական նիստն անցկացվի ոչ թե ռեժիմային օբյեկտում, այլ դատարանի շենքում, որտեղ չէր խոչընդտովի հարազատներիս և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը:

Այս օրինական միջնրդությունս առանց որևէ պատճառաբանության մերժվեց դատավորի կողմից: Փորձեցի հասկանալ՝ որն է պատճառը, դատավոր Մակյանը կոպիտ և գռեհիկ կերպով պատասխանեց, թե ցանկություն չունի որևէ բացատրություն տալու: Ապա ես միջնորդեցի դատական նիստը մեկ օրով հետաձգել, որպեսզի հարազատներս կարողանան մասնակցել բաց դատական նիստին: Դատավոր Մակյանը սա ևս մերժեց և փորձեց շարունակել դատական նիստն առանց տեսանկարահանող և ձայնագրող սարքերի: Ես դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցի՝ հայտարարելով, որ նա չի կարողանում օբյեկտիվ և օրինական դատական նիստ անցկացնել: Ապա դուրս եկա ՔԿՀ պետի աշխատասենյակից:

Իմ հետևից դատավորը գոռաց՝ ասելով, թե արի նստի, ականջներդ փակի, ինձ մի լսիր, բայց ներկա գտնվիր: Նշեմ, որ այնտեղ ներկա էր ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը, ով նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր: Այս մարդը ՔԿՀ պետի նախկին տեղակալ, այժմ ինձնից կաշառք պահանջելու գործով դատապարտված Դավիթ Մուրադյանի հետ համատեղ, ինչպես բազմիցս հայտարարում էր Դավիթ Մուրադյանը, տարիներ առաջ տեսակցությունների դիմաց մեծ քանակությամբ գումար էր պահանջում ինձանից: Թեպետ նա այս պատմությունից չոր դուրս եկավ, այդուհանդերձ, չի բացառվում, որ դատավոր Մակյանը համագործակցում է այդ անձնավորության հետ : Հարգելի նախագահ, ես դատապարտվել եմ ազատազրկման 4 տարի 8 ամսի ժամանակով, պատիժ եմ կրում 4 տարի 7 ամիս: Դիմում և խնդրում եմ Ձեզ դադարեցնել դատավոր Մեսրոպ Մակյանի լիազորությունները: Հարգանքներով՝ դատապարտյալ Արտակ Հակոբյան»:




Լրահոս