«Դատական նիստը փորձում են անցկացնել ՔԿՀ-ի պահեստում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ պայմանական վաղաժամկետ ազատում արտահայտությունը մեծ հաշվով ձևական բնույթ է կրում, նորություն չէ որևէ մեկի համար: Այնուամենայնիվ, բոլոր դատապարտյալներն էլ շարունակ պայքարում են` հույս ունենալով, որ օրերից մի օր արդարություն կլինի:

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանին, ով դատապարտվել է 4 տարի 8 ամիս ժամկետով` խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Մասնավորապես այն բանին, որ մշտապես նրա և ՔԿՀ մի շարք աշխատակիցների միջև տարաձայնություններ են եղել: Ավելին` «Նուբարաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` դատապարտյալ Արտակ Հակոբյանից կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով:

Եվ ահա կրկին դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը, դիմում է Armlur.am-ին` հայտնելով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող ամուսինը հունվարի 30-ին ներկայացել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովի նիստին: ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է դատապարտյալի ցուցումը և միջնորդությունը չի ներկայացրել պատժից պայմանական ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:

Ա. Հակոբյանը, համաձայն չլինելով իր դեմ կայացված որոշման հետ, այն բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատական կարգով վերականգնի իր ոտնահարված իրավունքները: «Ամուսնուս դիմումը ընդունվել է վարույթ, և փետրվարի 24-ին, ժամը 10:30-ին, նշանակվել է դատական նիստ՝ դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ: Նա դիմումում գրավոր խնդրել է դատարանի նախագահին նիստը դատարանում անցկացնելու թույլտվություն տալ, մենք ու ԶԼՄ-ները կարողանանք ներկա գտնվել»,- պատմեց Կարինե Հակոբյանը ու հայտնեց նաև, որ դատարանից այսօր տեղեկացել են, որ դատական նիստը նշանակվել է ոչ թե դատարանի շենքում, այլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ռեժիմային օբյեկտի (պահեստ) տարածքում:

Դատապարտյալի կինը համոզված է, որ այս քայլը նպատակ ունի ապօրինի միջոցների կիրառմամբ թույլ չտալ, որ այս գործի դատաքննության վերաբերյալ տեղեկատվական որևէ արտահոսք լինի, քանի որ նիստին հրապարակվելու են փաստեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմի մասին: Մեր զրուցակցի փոխանցմամբ` վարչակազմի անդամները ներկա են գտնվել վարչական հանձնաժողովի նիստին և կատարել առկա պատվերի պահանջները՝ դեմ քվեարկելով միջնորդությանը:

«Մենք գիտենք, որ քրեակատարողական հիմնարկի ռեժիմային օբյեկտի տարածքում բացակայում են տեսանկարահանող և ձայնագրող սարքավորումները: Դռնբաց դատական նիստը փորձում են անցկացնել ՔԿՀ- ում, որպեսզի դատավարությունը չլուսաբանվի: Մենք պայքարելու ենք, որպեսզի դատական նիստն անցկացվի դատարանում, այլ ոչ թե ՔԿՀ-ի ռեժիմային օբյեկտի տարածքում: Սա անում են միտումնավոր, որպեսզի ամուսինս գնա ինքնասպանության, ոնց որ եղավ նաև 2014 թվականի հունվար ամսին. Արթիկ ՔԿՀ-ում կտրեց երակները և դատական նիստը տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկից Գյումրու դատարան: Չե՛նք լռելու, որպեսզի ոչ մի հանցագործություն չքողարկվի»,- եզրափակեց դատապարտյալի կինը:




Լրահոս