Թեև երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունների մեջ մեղադրվողներ 28-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 30-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) ու 30-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբարելու ուղղությամբ, այդուհանդերձ, տեղի ունեցածը շարունակում է առեղծված մնալ:
Կատարվածի շուրջ վարկածներն ու տարաբնույթ կարծիքները նշված հայտարարությունից հետո դեռ շարունակում են ուժի մեջ մնալ: Իսկ շրջանառվող լուրերը, թե քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունը քաղաքական վերադասավորումների արդյունք կարող է դառնալ, հաստատում են մինչ այս պահը ձեռք բերված ապացույցները:
Մասնավորապես այն, որ քաղաքական գործիչները երբևէ չեն հերքել այն հանգամանքը, որ Հայաստանի քրեական աշխարհը վաղուց սերտաճել է իշխանություններին, արդեն իսկ ապացույցն է նշվածի: Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է նրան, որ նշված սերտաճումը ժամանակին ընտրություններից ընտրություն օգտագործվում էր իշխանական քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «հաղթանակն» ապահովելու համար էր: Դե իսկ «վնասազերծվելուց» հետո ԲՀԿ-ն, թերևս, կդադարի օգտվել նախկին արտոնություններից:
Ինչևէ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Երրորդմասցի Լյովիկի անունը մշտապես կապվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատի, մասնավորապես, նրա որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ: Նույն այդ լուրերի համաձայն՝ Երրորդմասցի Լյովիկն ու վարչապետի որդին ընդհանուր բիզնես ունեն: Եվ այն, որ նշված քրեական հեղինակությունը համարվում է իշխանական թևի մի շարք ներկայացուցիչների հովանավորյալը: Իհարկե, վարչապետի հովանավորյալը լինելը փոխշահավետ գործարքի դեպքում կարող էր միայն երաշխավորվեր:
Այսպես, դեռևս 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Շենգավիթի ընտրատարածքներում «եղանակ փոխողները» Երրորդմասցի Լյովիկն ու նրա կամակատարներն էին: Այդ ժամանակ Շենգավիթի ընտրատարածքներից մեկում «Հայ ազգային կոնգրես» դաշինքի վստահված անձն է եղել Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում պատմեց, որ ի տարբերություն մյուս ընտրատարածքների՝ Շենգավիթում իրավիճակը համեմատաբար մեղմ է եղել. այստեղ ծեծուջարդի դեպքեր չեն գրանցվել: «Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, իրավիճակի մասին տեղեկություններ իմանալու համար ինձ Ալիկ Արզումանյանը զանգահարեց ու ասաց՝ շահեկանորեն տարբերվում եք մյուսներից: Հարցրեցի՝ ինչո՞ւ ենք շահեկանորեն տարբերվում, ասաց՝ ձեզ դեռ չեն ծեծում: Այն ժամանակ ծեծուջարդն ամեն տեղ էր լինում: Սովորական կոպտություններից և խախտումներից ավելին մեր կողմերում չէին եղել»,- պատմեց Սուրեն Աբրահամյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այդ ընթացքում ամեն ընտրատեղամաս իր հեղինակությունն ու պատասխանատուն ուներ: Ներքին գործերի նախկին նախարարը հայտնեց, որ որքանով ինքն է հիշում, այդ ժամանակ Նորագավիթի ընտրատեղամասում հեղինակություն էր համարվում Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ), մեկ այլ տեղ՝ Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) եղբայրը, իսկ մեկ ուրիշ տեղ՝ Հայէլեկտրոյի սեփականատերը և այլք:
«Լևոն Ղազարյանին այդ կողմերում չէի տեսնում: Դե, մեզ մոտ, ի տարբերություն մյուս ընտրական տեղամասերի, Էրեբունիի և Արաբկիրի, պատասխանատուները մի քանիսն էին, ու դա ավելի էր դժվարացնում գործը: Մյուս ընտրատեղամասերում միայն մի պատասխանատու կար և ինչպես ասեր, այնպես էլ լինելու էր: Նրանք իրենց խնդիրն էին լուծում, իսկ պետական մեքենայի դեմ հնարավոր չէ պայքարել: Ընտրական տեխնոլոգիաներն իշխանությունների ձեռքին են, և հնարավոր չէ անգամ եվրոդիտորդների միջոցով պետական մեխանիզմի դեմ սովորական տղաներով ու աղջիկներով պայքարել ու հաղթանակ ապահովել»,- իրավիճակը շարունակեց ներկայացնել մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ իրականացվող անօրինությունները միայն քրեական հեղինակություններով չէր պայմանավորված: Յուրաքանչյուրն իր անելիքն ուներ՝ հանձնաժողովն իրենը, թաղային հեղինակությունն իրենը, համատիրություններն իրենցը, փող բաժանողներն իրենցը, ոստիկանությունն ու դատախազությունն իրենցը:
«Եթե այն ջանասիրությամբ, որով ընտրություններ էին կեղծվում, պետական շինարարությամբ զբաղվեին, ծաղկած երկիր կլիներ մեր երկիրը: Եվ ընդհանրապես, մի տեղում միայն մի հեղինակություն ու ավտարիտետ չէր լինում: Ամեն տեղ յուրաքանչյուրն իր «պատասխանատուն» ուներ: Ամեն կարգի կոնֆլիկտներ էլ լինում էին, բայց Շենգավիթը տարբերվեց»,- եզրափակեց Սուրեն Աբրահամյանը:
Նշենք, որ Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Երրորդմասցի Լյովիկն ու նրա մտերիմ ընկեր Քանաքեռցի Արթուրը` Տույը, վախի մթնոլորտ էին ստեղծել մայրաքաղաքում: Նրանք աջ ու ձախ ծեծկռտուքներ էին սարքում և անպատիժ մնում: Վախի և ամենաթողության մթնոլորտը, որը քրեական հեղինակություն համարվող այս անձինք էին ստեղծել, սահմաններ չէր ճանաչում. ամեն բան անցել էր թույլատրելիի սահմանները: Կշարունակվի՞ արդյոք այս իրավիճակը Երրորդմասցի Լյովիկի մահից հետո, ցույց կտա ժամանակը, սակայն անհերքելի փաստ է, որ նրա սպանությունը նոր խմորումների սկիզբն է միայն: