Երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշեց Հայաստանի զարգացման հեռանկարը կապել ԵՏՄ-ի հետ, եւ դրանից ընդամենը մեկ օր առաջ Եվրամիության գովքն անող հանրապետականները ստիպված եղան կայծակնային արագությամբ փոխել իրենց «երգացանկն» ու ձեռնամուխ լինել արդեն եվրասիական հեռանկարների գովերգմանը, ահա, այդ օրերին արդեն պրոֆեսիոնալ տնտեսագետները հայտարարում էին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց կարճ ժամանակ անց մենք ստիպված ենք լինելու մտնել ռուբլու գոտի: Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության տնտեսագետ պատգամավորներն ու Կառավարության անդամները ջանք ու եռանդ չէին խնայում` համոզելու համար, թե ՀՀ դրամը փոխելու մասին խոսք անգամ չի կարող լինել:
Հետագայում, երբ միասնական արժույթի մասին խոսակցությունները վերստին մտան շրջանառության մեջ, իշխանական տնտեսագետներն արդեն այդքան կտրուկ չէին հերքում ռուբլու՝ գոտի մտնելու հավանականությունը, սակայն նշում էին, թե այդ մասին հնարավոր կլինի մտածել առնվազն տասը տարի հետո:
Իսկ, ահա, միասնական արժույթի անցման հնարավորություններն ուսումնասիրելու վերաբերյալ Վ. Պուտինի` ՌԴ ԿԲ-ին օրերս տրված հանձնարարությունից հետո մեր պալատական տնտեսագետներն արդեն անթաքույց խոսում են ԵՏՄ-ում վաղ թե ուշ արժութային միություն ստեղծելու անխուսափելիության մասին: Այդպիսի տնտեսագետներից, օրինակ, Աշոտ Թավադյանը, ով հանդիսանում էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հիմնական քարոզիչներից մեկը, նախօրեին արդեն խոսել է այն բոլոր քայլերի մասին, որոնք Հայաստանը պետք է իրականացնի` նախքան միասնական արժույթին անցնելը:
Թե ինչու է Պուտինն այսպիսի արագությամբ փորձում կյանքի կոչել նաեւ արժութային միությունը, թերեւս բացատրելու կարիք չկա: Քաղաքակիրթ ողջ աշխարհից մեկուսացած ՌԴ ղեկավարը ցանկանում է օր առաջ հնարավորինս անդառնալի դարձնել ԵՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացները, քանզի հապաղելու դեպքում այս միությունը կարող է պարզապես փլուզվել: Իսկ թե որքանով են Բելառուսի, Ղազախստանի կամ Հայաստանի տնտեսությունները դրան պատրաստ, ամենեւին էական չէ: Ի վերջո, Ռուսաստանի համար ԵՏՄ-ն նախ եւ առաջ սեփական ռեսուրսների արտահանման շուկա է, որն էլ Պուտինը փորձում է գրավել ցանկացած եղանակով:
Իհարկե, ՀՀ ԿԲ-ն հայտարարել է, թե արժույթի փոփոխության հարցն այս պահին եւ տեսանելի առաջիկայում քննարկման օրակարգում չէ, սակայն դա որեւէ կերպ չի երաշխավորում, որ անհրաժեշտության դեպքում այդ տեսանելի առաջիկան կարող է ավարտվել հենց հաջորդ ամիս, եթե նման հրահանգ տրվի Մոսկվայից: Ի վերջո, եթե Ս. Սարգսյանը մի գիշերում կարող է վերանայել երկրի տեսանելի եւ հեռավոր ապագայի տեսլականը, ինչու պետք է ԿԲ-ն ավելի հետեւողական լինի: Էլ չասած, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում կարելի է շատ հանգիստ ներառել նաեւ ՀՀ պետական արժույթի մասին կետի փոփոխությունը եվ բոլոր հարցերը լուծել փաթեթով: