Մարտի 14-ին Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Զառ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: 18-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն ինքնասպան է եղել իրենց տան առաստաղից կախվելու միջոցով:
Armlur.am-ի հետ զրույցում Զառ համայնքի ղեկավար Մուրադ Բաբախանյանը հայտնեց, որ երիտասարդն այս տարվա օգոստոսին պետք է բանակ զորակոչվեր: Գյուղապետը միաժամանակ բացառեց տարբերակը, որ Անդրանիկը նման քայլի կդիմեր զինծառայությունից խուսափելու նպատակով:
«Ճիշտ է` սովորող տղա չէր, ուսումը կիսատ էր թողել, դուրս եկել դպրոցից, սակայն ծառայել հաստատ ցանկանում էր: Երբեք ոչ մեկին` անգամ մտերիմներին, չի ասել, որ կուզենար չծառայել: Միշտ պատրաստակամ էր ցանկացած հարցով մարդկանց օգնել: Ցանկացած գործ կաներ` իր օրվա հացն ունենալու համար»,- ասաց Մուրադ Բաբախանյանը:
Վերջինս պատմեց, որ Անդրանիկը դժվար մանկություն է ունեցել. 5 տարեկան է եղել, երբ մայրը լքել է նրան ու ավագ եղբորը: Դրանից տարիներ անց հայրը երկրորդ անգամ է ամուսնացել, ու ծնվել են նրա երկու քույրերը: «Եղբայրը հիմա ծառայում է բանակում: Քույրերը շատ փոքր են: Անդրանիկն էլ երբևէ ոչ մեկից չէր վախենում, անգամ հորից: Ինչ ուզենար` կասեր: Նրան ոչ ոք չէր կարող ասել` այս մի բանն այսպես չէ, այնպես է: Դեպքի օրն էլ վերջինը հայրն է տեսել նրան: Հորից 500 դրամ է ուզել, որ ծխախոտ գնի: Հետո արդեն նրան կախված են գտել: Հիմա բոլորիս միայն այդ հարցն է հուզում ` ինչո՞ւ: Հոր մտքով էլ որևէ բան չի անցնում: Ո´չ հիվանդ էր, ո´չ ուրիշ ինչ-որ խնդիրներ ուներ, ոչ մեկի հետ չէր կռվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ արտաքին զննությամբ երիտասարդի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: