Վարդենիսի ոստիկանապետը տեղափոխվել է հիվանդանոց. նրան վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանապետը «չղջիկներին» (Վարդենիսում այդպես են ասում ոսկու հանքաքար գողացողներին) վնասազերծելիս վազել է նրանց հետևից, անզգուշաբար վայր ընկել, ինչի հետևանքով նրա ոտքը երեք տեղից կոտրվել է:

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ ոստիկանապետը տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են: Armlur.am-ի հետ զրույցում ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը հայտնեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, հիվանդն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Բժշկի փոխանցմամբ` նրա վիճակը կայուն բավարար է, կոտրվածքները լուրջ չեն եղել: «Մի քանի օրից դուրս կգրվի: Վիճակը հիանալի է»,- ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ մեզ տեղեկություններ էին հասել, որ ոստիկանապետը ոտքի կոտրվածքներ էր ստացել այն ժամանակ, երբ իրավապահները հանքախորշերի մոտ խոտ են այրել, որպեսզի ծուխը լցվի ներս և հանքաքար գողացողները շուտ դուրս գան: Իրավապահներն, իհարկե, կարծել են, թե նրանց բռնելն այդ կերպ ավելի հեշտ կլիներ, սակայն դուրս գալուն պես` նրանք սկսել են գոռգոռալ, անգամ հայհոյանքներ հնչեցնել, և իսկույն փախել են: «Հատուկ օպերացիան» իրականացնող մարմինները վազել են նրանց հետևից, ինչի հետևանքով էլ ոստիկանապետը նման ծանր վիճակում է հայտնվել: Ավելին, հանքագողերին բռնել չի հաջողվել:




Լրահոս