Armenian text to speach

ԱԳ նախարարը կրկին արձանագրում է իր ղեկավարած կառույցի գործունեության անիմաստ լինելը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, օրերս անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր՝ Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին։ Այս կապակցությամբ երեկ «Ազատության» լրագրողը Նալբանդյանից փորձել է ճշտել՝ արդյո՞ք այս մտահոգությունը նրա կողմից բարձրացվել է նաեւ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներում, եւ արդյո՞ք արձագանք եղել է, ինչին ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Անիմաստ հարցեր եք դուք տալիս»։

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Նալբանդյանը` լրագրողի հարցն անիմաստ որակելով. արդյոք Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու փաստը Նալբանդյանի համար այնքան անկարեւոր է, որ դրա շուրջ ռուսներին ահազանգելը նա անիմաստ է համարում: Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր ինքը մի քանի օր առաջ այդ կապակցությամբ մտահոգություն հայտնում սլովենական պարբերականի հետ զրույցում:

Թե Նալբանդյանը նման ոչ դիվանագիտական արձագանքով նկատի ուներ, որ անիմաստ է մտածել, թե ինքը` ՀՀ արտգործնախարարը, կարող է այնքան համարձակություն ունենալ, որ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի առաջ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ առաջադրի: Այս դեպքում, իհարկե, Նալբանդյանը միանգամայն իրավացի է, եւ նման բան պատկերացնելն անգամ անիմաստ է, պարզ չէ միայն, թե ինչու է Նալբանդյանն ավելորդ անգամ ուշադրություն հրավիրում դրա վրա: Ի վերջո, եթե իր անմիջական ղեկավարի` Սերժ Սարգսյանի նման (նա էլ Արգենտինայում այդ մասին հայտարարեց) այս կամ այն արտերկրում «լացում է» ռուսների` ազերիներին զինելու գործելաոճից, ապա պարտավոր է իրեն առնվազն բարեկիրթ եւ դիվանագիտական էթիկայի շրջանակներում պահել` պատասխանելով իր իսկ կողմից բարձրացրած խնդրի շուրջ լրագրողի հարցին: Եվ ամենեւին պետք չէ նյարդայնանալ, երբ օտար երկրներում ռուսներից բողոքելու իրենց գործելաոճը արձանագրվում է լրագրողների կողմից:

Իրականում իր այդ պատասխանով Էդվարդ Նալբանդյանն արձանագրում է, որ անիմաստ է իր եւ իր ղեկավարած կառույցի գործունեությունը, որը ոչ միայն ի զորու չէ դաշնակից պետության առջեւ բարձրացնել Հայաստանի շահերին հակասող գործունեությունը դադարեցնելու հարցը, այլեւ նյարդային խանգարում է ստանում այդ մասին հեռավոր ակնարկից անգամ: Եվ այս իրավիճակում պետք չէ զարմանալ, որ նույն ԵԱՀԿ Մինսկի խումբն առանձնապես կոշտ չի արձագանքում ռուսական զենքով հայկական սահմանները գնդակոծելու Ադրբեջանի պահվածքին: Ըստ ամենայնի` Հայաստանի իշխանությունների ստորաքարշ պահվածքը հաշվի առնելով` ԵԱՀԿ Մինսկի խմբում դա «անիմաստ» են համարում:




Լրահոս