Կանադան ապրիլի 24-ին բարձր մակարդակով իր ներկայությունը կունենա Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով՝ նստավայրը Մոսկվա) Ջոն Ռոնալդ Քյուրիին և Կանադայի «Հայկական առևտրային ցանց»-ի նախագահ Վահրամ Փիրջանյանին:

Դեսպան Ջոն Քյուրին շնորհակալություն հայտնեց նախարարին ընդունելության համար, պատմեց Հայաստանից և հայ ժողովրդից ստացած իր տպավորությունների մասին՝ բարձր գնահատելով հատկապես ազգային ավանդույթների, մշակույթի և կրթության հանդեպ հայության վերաբերմունքը, իր նկատառումները հայտնեց Կանադայի և Հայաստանի միջև տարբեր մակարդակներով հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Նա շեշտեց, որ այդ հարաբերությունների զարգացման հարցում կարող է գործուն դեր ունենալ «Հայկական առևտրային ցանցը» և «Կանադայի առևտրաարդյունաբերական պալատը, որի 19 գործարարներից կազմված պատվիրակությունը ներկայումս գտնվում է Հայաստանում: Նա տեղեկացրեց նաև, որ պատվիրակության անդամներից 2-ը հայ են:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց դեսպան Ջոն Քյուրիի՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հայտնած տեսակետների և տեղեկությունների համար՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը բաց է, և կառավարությունը պատրաստակամ է ստեղծել բոլոր հնարավորությունները նրանց համար, ովքեր ցանկություն ունեն գալ Հայաստան և ձեռնարկատիրությամբ զբաղվել: Նախարարը բարձր գնահատեց Վահրամ Փիրջանյանի հայաստանանպաստ գործունեությունը՝ նրան համարելով «Հայաստանի տնտեսական դեսպանը՝ Կանադայում», ինչպես նաև ողջունեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու կանադացի գործարարների ցանկությունը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը և Հայրենիքի հետ կանադահայության կապերի սերտացմանը:

Նախարարը հյուրերին ծանոթացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ սպասվող միջոցառումներին:

Դեսպանը նախարարին տեղեկացրեց, որ Կանադան ապրիլի 24-ին բարձր մակարդակով իր ներկայությունը կունենա Հայաստանում, իսկ Կանադայում մի շարք միջոցառումներով կանադահայության հետ կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ընդունելության ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանն ավելի հասու դարձնելու նպատակով նախարարությունում կազմակերպել մամուլի ասուլիս՝ «Հայկական առևտրային ցանցի» և կանադացի գործարարների պատվիրակության մասնակցությամբ: Առաջարկն ընդունվեց շնորահալությամբ:




Լրահոս