«Խուճուճաբանության» անհաջող արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առանձնապես կարեւորվեց Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին: Եվ եթե մինչեւ հայաստանյան երգն ու տեսահոլովակը ներկայացնելը «Առաջին ալիք»-ը հանդիսատեսին ոգեւորեց «Genealogy» խմբում աշխարհի հինգ մայրցամաքներից հայ երգիչներ ընդգրկելու գաղափարով եւ մեծացրեց լսարանի` Ցեղասպանության թեման մրցույթի միջոցով աշխարհին հասու դարձնելու ակնկալիքները, ապա «Don’t deny» («Մի՛ ժխտիր») նախնական անունը կրող երգի թողարկումից հետո հայ հանդիսատեսի հույսերը ոչ միայն չարդարացան, այլեւ երգի տեքստի բովանդակության վերաբերյալ քննադատությունների իսկական «տարափ» տեղաց:

Իսկ բարձրացված հարցը հետեւյալն էր` արդյո՞ք մեր երգը գրված էր աշխարհից Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող երկրի ձեռագրով, թե՞ այն բավական թույլ էր եւ պաշտպանվողական: «Զգում ես, որ կյանքը հաճախ անարդար է եղել: Կփախչես ու կմոռանաս այդ հուսահատությունը…»,-ասվում է երգում: «Փաստորեն, մենք ոչ թե պահանջում ենք, այլ մոռանում»,-տարակուսեցին սոցցանցերի մի շարք օգտատերեր: Նրանց զգալի մասի համար անհասկանալի էր հատկապես կրկներգում նշվող «Don’t deny/ Ever don ’t deny/Baby don’t deny/ You and I» հատվածում «Baby» բառի գործածությունը, որը թարգմանվեց որպես «սիրելիս», եւ ստացվեց այսպես՝«Մի՛ ժխտիր երբեք, մի՛ ժխտիր, սիրելի՛ս…»:

Արդյունքում երգի խոսքերը քննադատներին թվացին բավական փաղաքշական, բանը հասավ նույնիսկ նրան, որ «Արմքոմեդի» հումորային հաղորդման շրջանակում անդրադարձ եղավ երգին եւ սարկազմով նշվեց. «Հարյուրամյակի կապակցությամբ կստեղծվի եւս մեկ երգ` «Ճանաչի՛ր, փիսի՛կ»:

««Baby»-ն, միանշանակ, ականջ ծակող բառ է` բոլորովին այլ խոսույթից եւ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում: Բառը թարգմանել «սիրելիս» մոտավորապես նույնն է, ինչ «table» բառը թարգմանենք «կահույք»: «Baby»-ն փաղաքշական, սլենգային բառ է, որը չի համապատասխանում մեր երգի նպատակին: Չգիտես ինչու` Հայաստանում ընդունված է հակադրվել հանրային կարծիքին: Սա այն դեպքն է, երբ հանրային կարծիքը հստակ վրիպակի մասին է ահազանգում, ու պարզ է, որ ահազանգելու նպատակը մեկն է՝ որպեսզի խմբի ելույթը լավ ստացվի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Արմքոմեդի» երգիծական հաղորդման հաղորդավար Նարեկ Մարգարյանը:

Եվ եթե «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշում է, թե «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է՝ իր ուրույն կանոններով եւ ոչ թե քաղաքական հարթակ, ապա քաղաքական մեկնաբանները բոլորովին այլ կարծիքի են:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ եթե «Եվրատեսիլ»-ը խուսափում է այնպիսի երգից, որը միջպետական, միջազգային թշնամանք կքարոզի, դա դեռ չի նշանակում, որ հայաստանյան երգի հեղինակները պետք է դիմեն ինքնագրաքննության: «Հասկանալի չէ` երգը սիրային թեմայով է, թե Ցեղասպանության: Այս ողջ «խուճուճաբանությունից» անհաջող արդյունք է ստացվել: Ի վերջո, եթե Եվրոպան պետք է մեղադրեր մեզ այն բանում, որ մենք մրցույթում մեր ազգային ցավն ենք ներկայացնում, մենք էլ ի՞նչ անելիք ունենք այնտեղ»,-կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Այս բոլոր մտահոգությունները կարծես բավական չէին, մարտի 17-ին էլ «Առաջին ալիք»-ը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «Genealogy»-ն «Եվրատեսիլ»-ում ներկայանալու է ոչ թե «Մի՛ ժխտիր», այլ «Առերեսվի՛ր ստվերին» երգով. այսպիսով` վերջինիս անվանումը փոխվել է: Նշվում է, որ այդ փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած շահարկում` կապված երգի ենթատեքստի հետ:
Իսկ մինչ մենք խուսափում ենք «Մի՛ ժխտիր» վերնագրից, թուրքական քարոզչամեքենան անում է իր «սեւ գործը». «Թուրքական դաշտում արդեն ստորագրահավաքներ են սկսվել, որպեսզի թույլ չտան՝ մեր երգը հնչի «Եվրատեսիլ»-ում: Դեռ թուրքական լրագրողական դաշտի հեղինակավոր անձանց կողմից մեր երգի վերաբերյալ խիստ քննադատությունների չեմ հանդիպել, սակայն կարծում եմ` եթե թուրքական կողմը փորձի խորանալ, ապա կգտնի որոշ ճեղքեր»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ այս տարվա եվրատեսիլյան երգի խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանից: Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից խոստացան առաջիկայում արձագանքել թեմային:

Աննա Բաբաջանյան




Լրահոս