«Ինձ չեմ համարում շոուբիզնեսցի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ով առիթ ունեցավ ներկայանալ «Սիրո կամուրջ» մյուզիքլի գլխավոր հերոսուհու կերպարում, վերջին շրջանում հանդես է գալիս բացառապես իր բենդով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է էկրաններից բացակայելու պատճառների մասին եւ միեւնույն ժամանակ նկատել, որ Երեւանում կենդանի երգեցողությամբ երգչուհիները չեն գնահատվում:

-Մարտա՛, տեւական ժամանակ է` էկրաններին չեք երեւում, երկրպագուներն անհանգստացած են. ո՞րն է պատճառը:

-Հիմա երեւանյան տարբեր ակումբներում իմ բենդի հետ հանդես եմ գալիս կենդանի կատարումներով: Մտադիր չեմ որեւէ տեսահոլովակ թողարկել. այն կարծիքին եմ, որ անիմաստ է մատուցել այնպիսի արտադրանք, որը կկրկնի դաշտում եղածը: Դե, իսկ հեռուստածրագրերն էլ արդեն հետաքրքիր չեն: Հեռուստատեսությամբ երեւալն, առհասարակ, մի տեսակ անիմաստ է դարձել: Եթե ես ունենամ որեւէ ստեղծագործություն, որն ուզենամ հասցնել հանդիսատեսին, կնախընտրեմ այն տեղադրել «Յութուբ»-ում:

-Հանդիսատեսը դեռ հիշում է 4 տարեկան Մարտային, ով մեծացավ իր աչքի առջեւ, զարգացրեց տաղանդը, սակայն անհետացավ դաշտից, ինչո՞ւ:

-Ես ինձ չեմ համարում շոուբիզնեսցի: Երգում եմ իմ հաճույքի, գումար աշխատելու համար: Բենդով ներկայանալով` հասկացա, որ Երեւանում կենդանի երգեցողությամբ երգչուհիները չեն գնահատվում: Շատ քիչ թվով մարդիկ են պատրաստ վճարել նրանց մատուցած կենդանի երաժշտության դիմաց: Փոխարենը գնահատվում են ձայնագրված հիթերը` պարային համարներով:

-Մեկ տասնամյակ առաջ էլ էին հիթերը գնահատվում, այսօրվա հիթերը ինչո՞վ են զիջում դրանց:

-Ինձ համար այս թեմայի շուրջ խոսելը բարդ է ու ցավոտ: Այսօրվա արտադրանքը բացարձակապես չի համապատասխանում տասը տարի առաջ մատուցված երաժշտությանը: Նախ՝ այժմյան երգերում բացարձակապես չկա մեղեդի բացի այդ` դժվարանում եմ հիշել մի երգ, որում կարելի է գտնել ինչ-որ իմաստ: Երգիչները մտածում են ոչ թե ասելիքով հանդես գալու, այլ հիթ ստեղծելու մասին:

-Եթե, ինչպես Դուք եք նշում, կենդանի երաժշտությունը Երեւանում չի խրախուսվում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ուղին երգարվեստում:

-Երգի հետ ծրագրեր չեմ կազմում: Պարզապես չեմ կարող հենց այնպես թողնել այս արվեստը, մտադիր եմ անել միայն այն, ինչն ինձ իսկապես հաճույք կպատճառի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս