Հովհաննես Մանուկյանը հուսով է` կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ընդդիմադիրներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման պրոցեսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, թե հուսով է, որ ընդդիմադիր պատգամավորները կլինեն Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում:

Նախարարն ասաց, որ համաձայն իր տեղեկությունների՝ համապատասխան խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց թեկնածուներին:

«Ես հույս ունեմ, որ այդ խմբակցությունները, այնուամենայնիվ, կներկայացնեն անձանց և ներկայացված կլինեն խորհրդում: Երբ հանձնաժողովը ձևավորվեց, կորոշենք առաջին նիստն ու սկզբնական քայլերը», -հավելեց նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, որ որոշ ՀԿ-ներ հայտարարարություն են տարածել, որ ցանկացել են մաս կազմել խորհրդում, սակայն մերժվել են, նախարարը պատասխանեց. «Այո´, նման քննարկում եղել է՝ թվաքանակը ավելացնելու, բայց այս պահին երկու ներկայացուցիչ ունենք` Կառավարության ընդունած որոշման համաձայն: Իրավիճակից կախված` հետագայում կկողմնորոշվենք: Հույս ունեմ, որ ՀԿ-ները, որոնք փորձառություն ունեն այս դաշտում, պատասխանատվություն են զգում այս պրոցեսի համար, կմասնակացեն: Մենք շահագրգիռ ենք, որ իրենք մասնակցեն»,-նշեց Մանուկյանը:

Դիտարկմանը, որ այդ կառույցի նկատմամբ վստահություն չկա, քանի որ շատերը բարձրաձայնում են, որ չեն ուզում մաս կազմել մի հանձնաժողովի, որի անդամները բիզնեսով են զբաղվում, նախարարը նկատեց. «Ես կրկնեմ իմ պատասխանը՝ հույս ունեմ, որ այն կազմակերպությունները, որոնք իսկապես ծանրակշիռ են, մեծ փորձառություն ունեն այս ոլորտում, գործին կմասնակցեն»,-եզրափակեց նա:




Լրահոս