ՍԴՀԿ-ն մայիսի 1-ին հրավիրում է հանրահավաքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ ՍԴՀԿ 128-ամյակին նվիրված ժողովի ժամանակ, կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել էր, թե իրենք առաջիկայում հանրահավաքային պայքար են սկսելու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ն. Գալստյանը նշեց, որ այդ հավաքը լինելու է մայիսի 1-ին, իսկ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

-Պարո՛ն Գալստյան, ինչի՞ց է դժգոհ 128-ամյա ՍԴՀԿ-ն, որ որոշել եք հանրահավաքային պայքար սկսել:

-Մենք չենք պատկանում այն ուժերի թվին, որոնք հայտարարում են, թե համաժողովրդական հանրահավաք է տեղի ունենալու, մասնակցելու է 200 հազար մարդ, տարբեր ֆրազաներ են ասում, վերջում էլ գնում են սուրճ խմելու: Իսկ թե ինչ է մտահոգում մեզ, մեր կուսակցությանը, ապա նշեմ, որ ՍԴՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ու մենք ունենք մեր տեսակետները, մեր ասելիքները, որոնք ուզում ենք հրապարակայնորեն հնչեցնել:

Մենք կարծում ենք, որ դրա միջոցներից մեկը նաեւ հանրահավաքի իրականացումն է: Այսպես ասենք՝ ժողովրդային հավաք է դա լինելու, իսկ մայիսի 1-ին աշխատավորների օրն է: Մնացած բոլոր փակագծերը կբացենք հենց այդ օրը: Մենք արդեն վաղը դիմելու ենք քաղաքապետարան, որպեսզի հանրահավաքի մասին իրազեկում ներկայացնենք:

-Բայց ի՞նչ հարցի կամ հարցերի շուրջ է լինելու ՍԴՀԿ-ի հրավիրած ժողովրդական հավաքը: Ի վերջո, ինչո՞ւ պետք է ժողովուրդը ներկա լինի այդ հավաքին` առանց իմանալու, թե ո՞րն է Ձեր օրակարգը:

-Օրակարգի մասին` ոչինչ, որովհետեւ դեռեւս մեկ ամսից ավել ժամանակ կա: Կարծում եմ, որ դրա մասին ճիշտ կլինի, որ ասենք մայիսի 1-ին: Օրակարգում բոլոր այն խնդիրներն են, որոնք հուզում են մեր ժողովրդին:

-Իսկ հրավիրյալներ կլինե՞ն Ձեր հանրահավաքին, որեւէ այլ կուսակցություն մասնակցելո՞ւ է:

-Պետք է սպասել մայիսի 1-ին, ես արդեն նշել եմ, որ բոլոր այն քաղաքական կազմակերպությունները կամ անհատները, որոնք կիսում են Հնչակյան կուսակցության տեսակետները, նույնպես կարող են, իրավունք ունեն, հրավիրված են մասնակցելու մեր հավաքին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս