Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում:

Այցելության առաջին կանգառը «Հայկական Կարիտաս»-ի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնն էր, որտեղ նախարարին ներկայացվել է կազմակերպության կողմից մինչ օրս իրականացված աշխատանքները և արդյունքները:

Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև ստորագրվել է բազմակողմանի համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում համատեղ կիրականացվեն սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ողղված աշխատանքներ:

Նախարարն այցելել է նաև «Հայկական Կարիտաս»-ի բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի նորակառույց «Էմիլի Արեգակ» կենտրոն, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Մարզկենտրոն Գյումրիում նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին հանդիպել է մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներին:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է տարածքային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցված աշխատանքը և ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: «Շիրակի մարզում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար կառավարությունը փորձում է մրցունակ ծրագրեր իրականացնել: 2014 թվականին մենք կարողացել ենք լիարժեք գործարկել զբաղվածության 13 ակտիվ ծրագրեր, որոնք ուղղվել են աշխատաշուկայում անմրցունակ անձանց խնդիրների կարգավորմանը: 2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով ամբողջությամբ կարգավորվում է սոցիալական ծառայության մատուցման բնագավառը», – իր խոսքում նշել է նախարարը:

artem asatryan2

Նախարարը մարզային ուղղվածության ծրագրերից առանձնացրել է երկուսը, մեկը՝ անապահովության գնահատման համակարգի շրջանակներում սոցիալապես անապահով ընտրանքներին հատկացվող աջակցությունը՝ ընտանեկան սոցիալական նպաստները, երկրորդը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագիրն է: «Այս երկու ծրագրերի շրջանակում էլ պլամավորումն իրականացնելիս հաշվի են առնվում տվյալ մարզի աղքատության ցուցանիշը, անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, անմրցունակ անձանց թվաքանակը»,-նշել է նախարարը:

Առաջիկա անելիքների մասին խոսելիս նախարարն անդրադարձել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի լիարժեք գործարկմանն ու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը, նրա դերի բարձրացմանը հասարակության մեջ՝ ընդգծելով, որ սոցիալական ոլորտում աշխատանքը շատ ծանր է, բայց նաև պատվաբեր:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր հերթին դահլիճում ներկա սոցիալական ծառայության աշխատակիցներին կոչ է արել մարդկանց հետ շփվելիս ցուցաբերել բարեհաճ և նորմալ վերաբերմունք: «Կա սոցիալապես անապահով խավ` այն մարդիկ ովքեր շատ չլուծված խնդիրներ ունեն: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք, առավել հոգատար լինել, այն, ինչ մեզանից է կախված, մեր քայլերով լուծել»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:

Մարզային այցելության շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է նաև նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններ՝ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, Գյումրու հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնման կենտրոն, Գյումրու տուն-ինտերնատ: Հաստատություններում կատարած շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ, տուն-ինտերնատում շփվել է տարեց բնակիչներին հետ, լսել նրանց մտահոգությունները:

Այցի վերջին կանգառը «Մեղվիկ» ցերեկային խնամքի կենտրոնն էր, որտեղ նախարարին ներկայացրել են կենտրոնի շենքային պայմանները, գործող խմբակները: Նախարար Արտեմ Ասատրյանը զրուցել է կենտրոն հաճախող երեխաների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին:




Լրահոս