Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ նիստը նախագահող բրիտանացի պառլամենտական Սաջադ Քարիմի առաջարկությունը` որպես հայ-թուրքական սահմանի բացմանն ընդառաջ քայլ դիտարկել ԼՂՀ-ին հարակից տարածքների վերադարձը, մեծ արձագանք ստացավ: «Մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեեւ դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ որոշ դիվանագիտական աշխատանք է տեղի ունեցել, ես չեմ վիճարկի բարի կամքի դրսեւորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից, օրինակ, քայլ արվի, եւ, ասենք, ոչ ԼՂՀ-ն, ինչ-որ ուրիշ տարածքների զիջումը հարցին օգնի»,- հարցրել էր եվրոպացի պատգամավորը, ինչին ի պատասխան՝ երեկ սոցիալական ցանցերն ու լրատվական կայքերը հեղեղվեցին Սաջադ Քարիմին դատափետող հրապարակումներով` «ոչ մի թիզ հող թշնամուն» հռետորաբանությամբ:
Ինչ խոսք` միանգամայն ողջունելի է այն, որ մեր հանրությունն այսքան բուռն է արձագանքում տարածքներ զիջելու ցանկացած առաջարկի, եթե անգամ դա հնչել է ընդամենը հայկական կողմի տեսակետը պարզելու նպատակով տրված հարցի տեսքով: Միանգամայն տեղին է նաեւ հենց նիստի ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի արձագանքն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ անընդունելի է երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտել որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություների նախապայման:
Սակայն արդյո՞ք այդօրինակ հարցադրումները մեզ համար պետք է անսպասելի լինեն, արդյո՞ք Հայաստանի իշխանությունը չէր, որ հենց նման նախապայմանների կուլիսային առաջքաշումն անտեսելով` համաձայնեց 2009 թ-ին ստորագրել Ցյուրխյան տխրահռչակ արձանագրությունները: Ի վերջո, չենք կարող մոռանալ 2005թ-ին ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղի հարցով կազմակերպված լսումների ընթացքում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը եւ «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությունը: Ուստի տարածքների վերադարձին դեմ հանդես եկող մեր հանրությունը նախ եւ առաջ սեփական իշխանություններից պետք է պահանջի պարզաբանել` արդյոք տարածքների վերադարձման հարցը ներկայումս քննարկվում է, եւ արդյոք Սերժ Սարգսյանն Աղդամն այլեւս իր հայրենիքն է համարում:
Հակառակ դեպքում` որքան էլ որ դա տհաճ լինի, մեր արդարացի վրդովմունքն ու ընդվզումն այս հարցում որեւէ արժեք չեն ունենալու Սաջադ Քարիմի նման օտարերկրյա քաղաքական գործիչների համար: Կարելի է, իհարկե, Սերժ Սարգսյանի բառապաշարով ասել` «ջհանդամը» իրենք էլ, իրենց դիրքորոշումն էլ, ափսոս, սական, որ դրանից նրանց նշանակությունը չի փոքրանա, եւ տարածքների վերադարձի հարցը կշարունակի մնալ որպես գերտերությունների քաղաքական օրակարգի ակտուալ թեմա: