ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 2011թ. նոյեմբերի վերջին նոտարի միջոցով համարվել եմ խնամակալ, բայց ընդամենը 2 ամիս եմ ստացել նպաստ (ապրիլին եւ մայիսին): Իսկ հիմա արդեն 3 ամիս է՝ չեմ ստացել: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու են կտրել նպաստս:
Հասմիկ Գոքորյան, 60 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի՝ ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին՝ ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության  միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի, եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանների մասին հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
Նրա ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ 2012թ. մայիս ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ: Դիմողի ընտանիքն ընդգրկված է եղել 2012թ. հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակում, սակայն սոցիալական ծառայությունների Ստեփանավանի տարածքային գործակալությունը փոստին տվել է գրություն՝ ընտանեկան նպաստի չվճարման վերաբերյալ, եւ ընտանիքի անապահովության գնահատման միավորը զրոյացվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության եւ տրանսպորտի ու կապի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա: Գոքորյանի ընտանիքը 2012թ. հունիս ամսից կորցրել է նպաստ ստանալու իրավունքը:
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ  օրենքի 19-րդ հոդվածի դ.1) կետի՝ ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող՝ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու  դեպքում:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, մեր խմբագրությանը դիմած քաղաքացին ժամանակավոր օգտվել է իրեն հասանելիք նպաստից, բայց պետությունը կարծես այդ չնչին օգնությունն էլ է շատ համարում հասարակ քաղաքացիների համար: Եւ եթե մարդ թեկուզ չաշխատող տրանսպորտային միջոց ունի, արդեն «հանցանք» է. պետությունը նրան զրկում է նպաստից:




Լրահոս