Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հիմնաքարային սկզբունքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքարը: Ավելին՝ իր 13 կետանոց նախագծում Տեր-Պետրոսյանը նաեւ ասում է, որ Հայաստանը Թուրքիայի առջեւ պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը` դա դիտելով վերջինիս ներքին գործը: Ու թեեւ ուղերձում նա նաեւ սահմանում է, որ ՀՀ-ն «մտադիր չէ հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետեւ հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը», դրանով մեր ազգային շահերի տեսանկյունից վերը նշված երկու կարեւորագույն դրույթների ապազգային էությունը չի մեղմանում:

Իհարկե, Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը նոր չէ, եւ այն դեռեւս տարիներ առաջ է ցույց տվել իր սնանկությունը. ի վերջո, չնայած ՀՀ նախկին նախագահի եւ նրա վարչակազմի` Թուրքիային արված բոլոր ռեւերանսներին, հայ-թուրքական սահմանն այդպես էլ չբացվեց, եւ այսօր` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նման նվաստացուցիչ քաղաքական առեւտրի առաջարկը վստահաբար ավելի արդյունավետ չի լինելու, քան 20 տարի առաջ: Անգամ եթե Տեր-Պետրոսյանն իր ուղերձով առաջարկում է դեռ մի բան էլ խնդրել ԵՄ երկրների կառավարություններին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդիտեն որպես նախապայման Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցում:

Էլ չասած հայ-թուրքական արձանագրությունների ռեանիմացիայի եւ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հարցի լուծումը փոխկապակցելու մասին ուղերձում տեղ գտած ամրագրումների մասին: Մի բան, որը հանդիսանում է Թուրքիայի` տարածաշրջանային արտաքին քաղաքականության «հիմնաքարը», եւ որը, փաստորեն, Տեր-Պետրոսյանը բառացիորեն կրկնում է:

Ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է ՀՀ առաջին նախագահը նման համառությամբ շարունակում պնդել արդեն մեկ անգամ անհաջողության մատնված իր քաղաքականության իրավացիությունը` վտանգելով ՀՀ հիմնադիր նախագահի իր հեղինակությունից մնացած արդեն վերջին փշուրները: Եթե այդպիսով նա ուզում է մնալ քաղաքական թատերաբեմում որպես գործող անձ, ապա նա ընտրել է ՀՀ հիմնադիր նախագահին ամենեւին ոչ վայել դերը:

Իր ուղերձի վերջաբանում նա նշում է, թե նման մոտեցմամբ ավելի հեշտ կլինի «աշխարհի համակրանքը շահել»: Դժվար է հավատալ, որ Տեր-Պետրոսյանն իրապես կարծում է, որ մեր ազգային շահերը աճուրդի հանելով` կարող ենք աշխարհի համակրանքը շահել: Ինչ-ինչ, բայց ՀՀ նախկին նախագահն այդքան պարզամիտ չէ, թեեւ տվյալ դեպքում անկեղծորեն կուզենայինք մտածել, որ խնդիրն ընդամենը «առաջացած տարիքի» մեջ է եւ ոչ թե քաղաքական պատվերի:




Լրահոս