Մորը սպանած հարբեցող որդին համաձայն չէ իր դատավճռի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մորը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող 46-ամյա Արմեն Չիլինգարյանի պաշտպան Կարինե Խաչատրյանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Պաշտպանը Վերաքննիչ դատարանից պահանջել է փոփոխել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալ Արմեն Չիլինգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

Պաշտպանը միջնորդել է Ա. Չիլինգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, համապատասխանաբար փոփոխելով նաև պատիժը, կամ իր պաշտպանյալի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ որակված գտնելու դեպքում, փոփոխել պատժաչափը և նվազ խիստ պատիժ նշանակել: Նշենք, որ դատաքննության ընթացքում Արմեն Չիլինգարյանը հայտարարել էր, որ զղջում է կատարվածի համար և ընդունում, որ մայրը մահացել է իր մեղավորությամբ: «Ես հո չե՞մ ուզեցել դիտավորյալ սպանել, չգիտակցելով է եղել, խմիչքի ազդեցության տակ»,- հայտարարել էր մայրասպան որդին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի օգոստոսի 25-ին Նոր-Նորքի 8-րդ զանգվածում: Այսպես, մայր ու որդի Չիլինգարյանները բնակվել են միասին: Որդին պարբերաբար ոգելից խմիչք է օգտագործել, ինչի պատճառով ընտանիքում վեճեր են ծագել. մայրը դիտողություն է արել խմելու համար, իսկ որդին էլ նրան ծեծի ենթարկել:

Եվ այդ չարաբաստիկ օրը որդին, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով մոր գլխին, սպանել է նրան:

Դատարանում որդին հայտարարել է, որ դեպքի օրը խմած է եղել, կնոջ վրա զայրացած և չի գիտակցել` ինչ է անում: Կնոջ վրա էլ զայրացել է, քանի որ լինելով «Եհովայի վկա» կրոնական կառույցի անդամ` թույլ չի տվել իրեն տեսակցել երեխաներին: Մորը սպանելու մեջ մեղադրվողը նշել է նաև, որ ալկոհոլից կախվածությունը բուժելու նպատակով տևական ժամանակ բուժում է ստացել Ավանի նյարդաբանական ԲԿ-ում:




Լրահոս