Արտակարգ դեպք Լոռիում. ազատամարտիկը դստերն «ավանդապաշտ» դարձնելու իր մեթոդն էր ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա մայիսի 22-ին Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում արտակարգ դեպք է գրանցվել: 48-ամյա Կարեն Խ.-ն կնոջն ու անչափահաս դստերը առանձնակի բռնության է ենթարկել:

Հետագայում պարզվել է, որ նման բան միայն այդ օրը տեղի չի ունեցել: Տղամարդն իր ձեռքերին և ոտքերին պարբերաբար է ազատություն տվել:

Այսպես, ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Կարեն Խ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ,  զավակներին չդաստիարակելու և նախկինում իր անունը «Կիսաբաց լուսամուտ» հաղորդաշարում շահարկելու պատճառով՝ կենցաղային հողի վրա, վիճաբանել է կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածել է նրա դեմքին, մարմնի տարբեր մասերին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ծեծի և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կարեն Խ.-ն տուգանվել է 150 հազար դրամի չափով: Թե որ տրամաբանության մեջ կարող է տեղավորվել դատարանի վճիռը, դժվար է ասել, քանի որ պատմությունը, որը կներկայացնենք, ավելի քան դաժան է:

Պարզվում է՝ ղարաբաղյան պատերազմի վետերան Կարեն Խ.-ն անչափահաս դստերը գոմում շղթայով կապել և այդ վիճակում նրան մի քանի օր թողել է: Սա ներկայացրել է որպես դաստիարակության ձև և իրեն մեղավոր չի համարել:

Իրավիճակն այն աստիճան է սրվել, որ երեխաներին հասցված «դաստիարակչական» մարմնական վնասվածքները օրեր շարունակ իրենց զգացնել են տվել: Արդյունքում, նրանք դպրոց չեն հաճախել: Ի դեպ, հետագայում տուժող ճանաչված երեխաներից մեկը պատմել է, որ մոր դեմ հոր հորդորներով ցուցմունք է տվել, հակառակ դեպքում Կարեն Խ.-ն կնոջ մատերը կվառեր վառարանի վրա՝ կրկին դաստիարակչական նպատակներով:

Ավելին, տղամարդն իր արարքը տրամաբանական և օրենքի սահմաններում է համարում: Նա վստահ է, որ իրավունք ունի որպես ավանդապաշտ և օրինապահ հայ տղամարդ այդկերպ դաստիարակի իր երեխաներին, քանի որ «աղջիկներն իր տնից պետք է կույս դուրս գան»:

Ամբաստանվող ազատամարտիկը գուցեև այդպես էլ չընդունի իր մեղքն ու շարունակի երեխաներին դաստիարակելու այդ մեթոդը կիրառել, սակայն միանշանակ է, որ այս ընտանիքը միակը չէ, որը բռնության է ենթարկվում: Փաստն այն է, որ կանայք միշտ չէ, որ բարձրաձայնում են ընտանեկան բռնությունների մասին՝ ինչպիսին էլ այն լինի:




Լրահոս