Հաստիքային ծաղրածուների նախաձեռնություններից զոնդաժի հոտ է գալիս. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղի հարցի կարգավորմանը, հայտարարել է, թե ճիշտ կլինի, եթե Ղարաբաղը հանձնվի Ռուսաստանի ենթակայությանը:

«Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չեն ցանկանում, որպեսզի Ղարաբաղում ադրբեջանական դրոշը ծածանվի, կարելի է մտածել ընդհանուր դրոշ, ասենք՝ ԱՊՀ դրոշը: Թող այնտեղ լինեն ռուսական, հայկական, ադրբեջանական դրոշների տարրեր»,- «մեծահոգաբար» թույլ է տվել Կրեմլի հաստիքային ծաղրածուն:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն իսկ արձագանքել է Ժիրինովսկու առաջարկին` ընդգծելով, որ դա ՌԼԴԿ նախագահի անձնական կարծիքն է, այլ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը: Իհարկե, գուցե եւ այդպես է, սակայն վստահաբար ճիշտ այն չափով, որքանով որ իր «անձնական կարծիքն» էր Զորի Բալայանի` Գյուլիստանի պայմանագրի մասին Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակը, որտեղ նա, ըստ էության, անում էր այն նույն առաջարկը, ինչ Ժիրինովսկին: Ընդ որում, զուտ որպես «սեփական նախաձեռնություն» ներկայացված այդ խայտառակ նամակը հրապարակելուց օրեր անց նույն Զորի Հայկովիչը թեւանցուկ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում:

Այնպես որ, երբ հաստիքային ծաղրածուները եւ պալատական նամակագիրները հանդես են գալիս անձնական նախաձեռնություններով, դրանցից շատ վատ` զոնդաժի հոտ է գալիս: Առավել եւս, որ սա ղարաբաղյան թեմայով Ժիրինովսկու առաջին նման հայտարարությունը չէ: Մեկ տարի առաջ՝ հենց այս օրերին, նա դարձյալ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ, որին երկրորդեց ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինը` բնականաբար, դարձյալ «անձնական կարծիքի» մակարդակով:

Եվ եթե Զորի Բալայանի հայտնի նամակով ակնարկվեց, որ Հայաստանի կամ Ղարաբաղի որոշ շրջանակներ դեմ չեն նման տարբերակի քննարկմանը, ապա Ադրբեջանում Ղարաբաղը Մոսկվայի ենթակայությանը հանձնելու առաջարկն արժանացավ ամենասուր պարսավանքին: Եվ այն, որ մեկ տարի անց Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակն իր առաջարկը թարմացնում է հենց ադրբեջանական լրատվամիջոցի էջերից, ցույց է տալիս, որ ներկայումս առավել կարեւոր է դիտվում խնդրի շուրջ ադրբեջանցիների տրամադրությունները շոշափելը: Հայաստանի հարցում, ըստ ամենայնի, պատկերը Ռուսաստանի համար հստակ է:




Լրահոս