ԴԱԴԱՐՆ ԻՆՁ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԱԿՏԻՎԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեղին չեմ համարում այն մարդկանց քծնազեղումները, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք անվերապահ նվիրվածության երդումներ էին տալիս նրան, իսկ այժմ հրապարակավ հայտարարում են, թե վերջին մի քանի տարիներին չեն հանդիպել Ռ. Քոչարյանի հետ»:
-Պարո՛ն Իսագուլյան, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի պաշտոնից ազատման մասին մամուլում տարաբնույթ վարկածներ կան: Ո՞րն է ազատման իրական պատճառը:
-Որեւէ արտառոց բան չկա: Ձեւավորվել է նոր խորհրդարան, ու քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ ԱԺ-ում անհրաժեշտ է այս խորհրդարանին եւ նոր քաղաքական իրավիճակին համարժեք անձ, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտել է, որ այդ համարժեք անձը Վիկտոր Դալլաքյանն է:
-Ձեր պատասխանը ենթադրում է, որ մի պաշտոնից ազատման հրամանագրին պետք է հաջորդեր այլ հրամանագիր: Դա տեղի չի ունեցել: Ուրեմն խոսակցությունները, այնուամենայնիվ, անտեղի չեն:
-Մենք չէ, որ պետք է թելադրենք նախագահներին: Նրանք Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում կայացնում են որոշումներ եւ կատարում գործողություններ, որոնց մեկնաբանությունները վերապահված են իրենց: Իմ մասով կարող եմ հստակ ասել հետեւյալը. ես իմ աշխատանքում երբեք չեմ թերացել: Այն լիազորությունները, որոնք օրենքով եւ նախագահի կարգադրությամբ վերապահված են եղել ինձ, ամբողջությամբ կատարել եմ: Մեր հարաբերությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եղել են բարեկամական եւ մնում են այդպիսին:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեր պաշտոնից ազատվելու հիմնական պատճառը համարում են այն, որ Դուք Ռոբերտ Քոչարյանի «մարդն» եք:
-Ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ են գրում լրատվամիջոցներն այդ մասին: Ես Ձեր թերթին տրված հարցազրույցներից մեկում («Ժողովուրդ», 2011թ., թիվ 78) հստակ ասել էի, որ ինձ որեւէ մեկի «մարդ» համարելը նշանակում է չճանաչել Գառնիկ Իսագուլյանին: Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, դարձյալ Ձեր թերթում ասել էի, որ նրա նախագահության օրոք ես եղել եմ ՀՀ նախագահի խորհրդականն ազգային անվտանգության հարցերով, մեր հարաբերությունները եղել են շատ լավ եւ մնում են այդպիսին: Այժմ էլ անհրաժեշտության եւ առիթի դեպքում հանդիպում եմ պարոն Քոչարյանին: Որեւէ մեկի պաշտոնավարման ժամկետի ավարտը չի նշանակում նաեւ մարդկային փոխհարաբերությունների կասեցում: Տեղին չեմ համարում այն մարդկանց քծնազեղումները, որոնք Ռ. Քոչարյանի նախագահության օրոք անվերապահ նվիրվածության երդումներ էին տալիս նրան, իսկ այժմ հրապարակավ հայտարարում են, թե վերջին մի քանի տարիներին չեն հանդիպել Ռ. Քոչարյանի հետ: Ցավոք, դա եղել է առաջին նախագահի պաշտոնավարումից հետո, լինում է այժմ, եւ եթե ոչինչ չփոխվի, այն ավելի վատ դրսեւորումներով կշարունակվի նաեւ ապագայում: Եւ այն ժամանակ ոչ ոք չի ասի. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում», այլ մեկ ուրիշը կասի. «Եւ դո՞ւ, Բրուտո՛ս…», բայց արդեն ուշ կլինի:
-Որո՞նք են Ձեր հետագա անելիքները:
-Ժամանակավոր դադարի հանգամանքը պետք է ճիշտ օգտագործել: Ես «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն եմ: Տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ, ստեղծվել է հանձնախումբ Լեւոն Անդրիասյանի ղեկավարությամբ, որը առաջիկա երկու ամիսների ընթացքում պետք է քննարկումներ անցկացնի բոլոր տարածքային խորհուրդներում: Դեկտեմբերին նախատեսվում է գումարել կուսակցության համագումար: Ստեղծված դադարն ինձ նույնպես հնարավորություն է տալիս ակտիվանալու, քանզի ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակում իմ կողմից արտահայտված ցանկացած միտք կարող էր ընկալվել որպես հանրապետության նախագահի ուղղակի խոսք: Այժմ թե՛ խոսքի, թե՛ գործունեության առումով ես լիովին ազատ եմ:
-Պարո՛ն Իսագուլյան, թո՛ւյլ տվեք ստուգել Ձեր ազատության աստիճանը: Տարեսկզբին մեր թերթում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Իսպանիայի Տոլեդո քաղաքից Հայաստան են բերվել հատուկ թրեր, որոնցով հայկական հնագույն բերդերից մեկում տեղի է ունեցել երդման արարողություն: Այդ իրադարձությունը որոշ շրջանակների կողմից կապվում է Ձեր անձի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նման տեղեկություն ես ծրարով ստացել էի դեռեւս երկու տարի առաջ, երբ ինձ տրված հերթական ծրարը համարեցի քաղաքացու պահանջ կամ խնդրանք: Անկեղծ ասած, ծրարի բովանդակությանը ծանոթանալուց հետո զանգահարեցի նամակների բաժին՝ տիկին Ասատրյանին, եւ նա ինձ ասաց, որ նման բովանդակությամբ նամակներ կամ առաջարկություններ շատ են լինում, «հատկապես հիվանդ մարդկանց կողմից, եւ չարժե դրանց ուշադրություն դարձնել»: Ձեր հրապարակումից հետո ես, օգտագործելով անձնական կապերս, հարցումներ եմ արել նույնիսկ Իսպանիա, սակայն հստակ պատասխան չեմ ստացել: Այդ տեղեկատվության հավաստիության մեջ ես որոշակի տարակուսանք ունեի, եւ այժմ էլ տարակուսանքս լիովին փարատված չէ: Այս տարվա հունիսին ինձ հրավիրել էին Ամբերդ հանդիպման: Ես երկու հոգու ուղեկցությամբ եղել եմ այդ հանդիպմանը: Այն բավական խորհրդավոր էր: Զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետներ: Մոտ երկու ժամ տեւած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրեցին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպման մասին ոչինչ չհրապարակել: Զարմանալիորեն, Ձեր թերթի վերջին հրապարակումից հետո, որտեղ իմ անձը կապվում է այդ թրերի պատմության հետ, ես կրկին հանդիպման հրավեր ստացա, այս անգամ Բջնիի բերդում: Նույն ընկերների ուղեկցությամբ գնացի այդ բերդ, որտեղ տեղի ունեցած զրույցից հետո պայմանավորվեցինք, որ կարող եմ այդ հանդիպումների որոշ մանրամասների վերաբերյալ հրապարակավ հանդես գալ: Որքանով են «թրերի պատմություն» եւ «Մհերի դուռ» միաբանությունը նույնական՝ ես առայժմ ասել չեմ կարող:
-Ինչո՞վ բացատրել այն, որ Ձեր անձի հետ են կապվում շատ յուրահատուկ պատմություններ, օրինակ՝ նախկին ՊԱԿ աշխատակից, վանաձորյան հայտնի ելույթ, նախկին դաշնակցական, հեղաշրջման փորձ, ընդհատակյա գործունեություն, իսկ վերջին տարիներին՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ստեղծում եք առաջին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, հետո ԱԺ-ում նախագահի մշտական առաջին ներկայացուցիչ, փակվում է Ձեր ստեղծած ինստիտուտը, Արմեն Ավետիսյանը միասեռական բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակները փոխանցում է Ձեզ, իսկ այժմ էլ այս «պատմությունը»:
-Լցվե՛ք համբերությամբ, ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, իսկ ժամանակը պատասխանում է, երբ այն լի է իրադարձություններով:

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս