Ամենուրեք անկում է, բայց աճ են արձանագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդունաբերական արտադրանքի ծավալները, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ, շարունակում են նվազել, բայց միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրները պնդում են, թե իբր մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է:
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,8 տոկոսով կամ նույն է թե՝ մոտ 3,5 միլիարդ դրամով: Փոխարենը տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է 2,5 տոկոսով:

Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագրերի պնդմամբ անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է: Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե նույն պաշտոնական թվերով առեւտրի շրջանառությունն ինչու է 6,9 տոկոսվ կամ նույն է՝ մոտ 20 միլիարդ դրամով նվազել անցած տարվա համեմատ: Բերված թվերը վերցված են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության` նախօրեին հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատից ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» տեղեկագրից: Ըստ այդմ, տեղեկանում ենք նաեւ, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա առաջին երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16,6 տոկոսով:

Էլեկտրաէներգիան, ինչպես հայտնի է, արտադրվում է այնքան, որքան երկրի տնտեսությունում դրա պահանջարկը կա, այսինքն՝ եթե արձանագրվում է էլէներգիայի արտադրության անկում, նշանակում է պետությունը, որպես մեկ ամբողջական տնտեսություն, սկսել է պակաս էլէներգիա սպառել: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 27,7 տոկոսով: Ի դեպ, արտահանումն էլ, ներմուծումն էլ նվազել են: Մասնավորապես, արտահանումը նվազել է 25,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 28,6 տոկոսով: Իհարկե, ըստ ԱՎԾ-ի՝ այս թվերը վերջնական չեն, քանի որ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առեւտրաշրջանառության թվերը ամբողջական չեն եղել եւ դեռ ճշգրտման կարիք ունեն: Սակայն անկումը տվյալ դեպքում շատ մեծ է, եւ մեկ կամ երկու տոկոսի ճշգրտումն այս դեպքում իրավիճակը չի կարող փրկել:

Բայց մեկ ոլորտում` գյուղատնտեսությունում, պարզվում է՝ աճ է արձանագրվել: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները, ըստ պաշտոնական վիճակագրերի, պարզվում է՝ աճել են 3,6 տոկոսով: Պաշտոնական վիճակագրությունը` գյուղատնտեսության մասով, կարել է ասել, որ լիարժեք ազատ ստեղծագործում են եւ երբ ինչ ցուցանիշ ուզում, ստանում են: Այսպես՝ երեկ ԱՎԾ-ն հրապարակեց «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները եւ համախառը բերքը 2014 թվականին» տեղեկագիրը, որում ԱՎԾ մանրամասնել է, թե ինչպես է չեղած տեղից անցած տարի գյուղատնտեսության աճ արձանագրել: Ինչպես հայտնի է՝ նախորդ ձմռան՝ ավելի քան մեկ ամիս տեւած խիստ ցրտերը, ինչպես նաեւ 2014-ի գարնանը արձանագրված ցրտահարությունները լուրջ վնասներ պատճառեցին գյուղատնտեսությանը:

Եթե բանջարաբոստանային կուլտուրաների եւ ցանքատարածքների վնասները հնարավոր է, թեկուզ ուշացումով, վերականգնել, ապա պտղի դեպքում բնության պատճառած վնասն այդ տարում այլեւս հնարավոր չէ վերականգնել: ԱՎԾ-ի թվանկարչությունը առավել տեսանելի է դառնում, երբ ուսումնասիրում են անցած տարվա պտղի բերքի պաշտոնական թվերը:

Անցած տարի պտղի ընդհանուր բերքը կազմել է 291 հազար 37,9 տոննա: 2013-ի ցուցանիշը եղել է 338 հազար122,9 տոննա: 2014-ին անկումը կազմել է 47 հազար 85 տոննա: Ինչպես հայտնի է՝ անցած տարի պտղի տեսակներից առատ էր միայն դեղձի եւ խնձորի բերքը: Բայց արդյոք միայն խնձորի առատ բերքի հաշվին հնարավոր էր հնդավոր պտուղների ընդհանուր աճ արձանագրել, պարզվում է՝ ԱՎԾ-ն հենց այդպես էլ վարվել է. 2014-ին հնդավորների` խնձորի, տանձի եւ սերկեւիլի բերքը Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 22 հազար տոննայով: Կարող է անհավանական թվալ, թե ինչպես կարող էր ԱՎԾ-ն նման թիվ գրել, բայց փաստ է, որ գրել են: Կորիզավորների, ընկուզապտուղների, մերձարեւադարձայինների եւ հատապտուղների դեպքում ԱՎԾ-ն համեստ է գտնվել եւ աճ չի արձանագրել:

Ասենք, կարող էին, չէ, դեղձի առատ բերքի հաշվին կորիզավորների աճ արձանագրել, ինչպես խնձորով հնդավորների աճ են արձանագրել, բայց չեն արել: Փոխարենը խաղողի բերքի հարցում ԱՎԾ-ն, կարելի է ասել, բոլոր հնարավոր եւ անհնար ռեկորդները գերազանցել է: Ըստ ԱՎԾ-ի՝ 2014-ին Հայաստանում խաղողի բերքը կազմել է 261 հազար 324,9 տոննա, նախորդ՝ 2013 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 20 հազար 509,1 տոննայով: Ցուրտը այգիներին վնասում է, գյուղացին չի իմանում, թե նման քիչ բերքով ինչպես պետք է իր ընտանիքի հացի խնդիրը հոգա, իսկ ԱՎԾ-ն աճ է արձանագրում:

Բոլորի աչքի առաջ բնական աղետ է տեղի ունենում, դրա արդյունքում մարդիկ ողջ տարվա ընթացքում գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերից գրեթե համտես չեն անում կամ ստիպված են լինում շատ բարձր գնով այն գնել: Թվում է, թե իրավիճակն ակնհայտ է, եւ այստեղ թաքցնելու բան չկա, ինչու պետք է պաշտոնական վիճակագրությունը կեղծիքի դիմի, ի վերջո գյուղատնտեսության նախարարությունը կամ մեկ այլ պետական կառույց մեղավոր չէ ցրտահարության համար: Ինչ կարիք կա սուտ, ուռճացրած թվեր գրել: Բանն այն է, որ տարեցտարի Հայաստանի տնտեսությունը դադարում է որպես այդպիսին գոյություն ունենալ, եւ ընդհանուր տնտեսական աճ նկարելու հարցում գյուղատնտեսության ցուցանիշները դառնում են ամենակարեւորը: Այլ կերպ ասած՝ գյուղատնտեսությունը պաշտոնական վիճակագրության անկյունաքարն է, հատկապես վերջին տարիների տնտեսական աճերը հենց այս գործիքով են նկարվում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս