ՐԱՖՖՈՒՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի՝ ԱՄՆ-ից վերադարձին այնքան սպասում էին` պարզաբանելու համար կուսակցության ներսում ստեղծված անհասկանալի իրավիճակը, իր ոճին անդավաճան` այդպես էլ նախօրեին հրավիրած ասուլիսում հստակ չպարզաբանեց, թե կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին ով էր լիազորել գնալ նախագահական եւ կուսակցության անունից հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

«Մարտիրոսյանը եւ Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա, բայց նաեւ տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է», – իրեն հատուկ անհասկանալի ձեւակերպումներով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե հարցին կանդրադառնա կուսակցության՝ ապրիլի 5-ին կայանալիք ժողովի ընթացքում: Ի դեպ, նշենք, որ մինչ այդ Ր. Հովհաննիսյանը Հայաստանում չի լինելու, ինչ-որ կարեւոր գործերով այս անգամ էլ Ֆրանսիա է մեկնում:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել քաղաքական յոթ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Ռ. Հակոբյանը հանդիպումից հետո հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, որի մասին տեղյակ է եղել նաեւ կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս հայտարարությունը հարուցել էր կուսակցության վարչության որոշ անդամների վրդովմունքը: Կրքերն այնքան էին թեժացել, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, թե. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Ս. Սարգսյանի հետ հանդիպման շուրջ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պարզաբանումը հասկանալի էր կուսակցության համար:
-Պարո՛ն Մարտիրոսյան, չնայած սպասելիքներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա ԱՄՆ-ից եւ կտա բոլոր հարցերի պատասխանը, «Ժառանգության» առաջնորդն այդպես էլ չհստակեցրեց՝ արդյո՞ք Դուք իր թույլտվությամբ եք հանդիպել Ս. Սարգսյանի հետ:
-Որեւէ մեկնաբանություն, կարծում եմ, պետք չի անել, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը խոսեց ամբողջական, համապարփակ, բոլոր հարցերին պատասխանեց ու չեմ կարծում, որ այդտեղ որեւէ ավելացնելու բան կա:
-Բայց Ր. Հովհաննիսյանն այդպես էլ չնշեց՝ արդյո՞ք պետք էր գնալ Ս. Սարգսյանի հետ այդ հանդիպմանը, թե չէ, նաեւ չասաց` արդյո՞ք ինքը տեղյակ է եղել այդ հանդիպումից:
-Նորից եմ կրկնում՝ պարոն Հովհաննիսյանը բոլոր հարցերին պատասխանել է, ու ես ավելացնելու ոչինչ չունեմ:
-Դուք այդ հանդիպման պատճառով լուրջ տարաձայնություններ ունեցաք Զարուհի Փոստանջյանի հետ: Այդ հարցը հարթվե՞լ է: Փոստանջյանը նշել էր, որ Ր. Հովհաննիսյանի վերադարձից հետո կուսակցությունում դրվելու է Ձեր եւ Ռուբեն Հակոբյանի հրաժարականի հարցը:
-Նմանատիպ հարց ընդհանրապես չի էլ քննարկվել, իսկ մնացած հարցերը քննարկվել են, ու ես կարծում եմ, որ մեր կուսակցական հարթությունում պետք է բոլոր հարցերը քննարկվեն: Մենք կուսակցության ներսում քննարկել ենք ու շարժվում ենք առաջ: Պարոն Հովհաննիսյանը բոլոր հարցերին պատասխանել է: Ես գերադասում եմ անձնական հարցերի շուրջ չխոսել, իսկ կուսակցության վեճի առումով ո՛չ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում եւ ո՛չ էլ հետո չի եղել: Քաղաքական գծի, կուրսի որեւէ փոփոխություն չի եղել:
-Այդուամենայնիվ, պարո՛ն Մարտիրոսյան, եթե Ձեզ համար Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը «համապարփակ է», ապա շատերի համար այն անհասկանալի է` Րաֆֆի Հովհաննիսյանին բնորոշ «ոճով»: Ի վերջո, ինչ է նշանակում «Մարտիրոսյանը եւ Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա, բայց նաեւ տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է»:
-Պարոն Հովհաննիսյանը շատ հստակ բոլոր հարցերին պատասխանել է, որեւէ ոճային խնդիր գոյություն չունի, եթե ուշադրություն դարձնեք՝ լրիվ մանրամասնորեն պատասխանել է: Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում Դուք հնարավորություն կունենաք պարոն Հովհաննիսյանին կրկին տեսնելու եւ կարող եք Ձեր հարցերը նորից տալ:
-Ապրիլի 5-ին «Ժառանգություն» կուսակցությունը նիստ է հրավիրել, ի՞նչ հարցեր են օրակարգում, ի՞նչ պետք է քննարկեք:
-Վարչության նիստի ժամանակ տարբեր հարցեր են քննարկվելու, այդ օրը կգա, ու պարզ կլինի, թե ինչ հարցեր պետք է քննարկենք, առավել եւս վարչության յուրաքանչյուր անդամ կարող է օրակարգում հարց ավելացնել: Բոլոր խնդիրներն էլ Հայաստանում արդիական են, հիմա ՀՀ-ն այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած պահի միշտ քննարկելու խնդիր կա:

 

 

 

 

 

12 ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԻԱՅՆ 4-Ը

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Կառավարությունում 2.5 ժամ տեւողությամբ կայացել է վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը եւ տնտեսությանն առնչվող հարցեր:

Տեղեկացնենք, որ նախկին 12 վարչապետներից երեկվա հանդիպմանը մասնակցել են միայն 4-ը: ՀՀ երրորդ հանրապետության երկու վարչապետները՝ Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը, մահացել են: Իսկ Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Արմեն Դարբինյանն ու Ռոբերտ Քոչարյանը երեկ երկրում չէին: Արամ Զավենի Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ` արտահայտելով իր բացասական վերաբերմունքն այդ նախաձեռնության շուրջ. «Համոզված եմ, որ վարչապետների ակումբը Հովիկ Աբրահամյանի համար հերթական PR ակցիա է ինչպես պաշտոնավարման առաջին օրից գիշերօթիկ գնալը, տարբեր հարցերով բողոքող ցուցարարներին հանդիպելը, խոստումներ տալը եւ չկատարելը: Եվ, ընդհանրապես, ո՞րն է նրա ստեղծած ակումբին անդամակցելու իմաստը… Հարգանքով վերաբերվելով ՀՀ վարչապետի պետական ինստիտուտին եւ այսօր հրավերին արձագանքած նախկին վարչապետների անկեղծ մղումներին, բարեկամաբար ասում եմ՝ հանգիստ վայելեք ձեր սուրճն ու թեյը, հուշեր պատմեք միմյանց՝ ով ում, երբ ինչ ասաց, ինչպես փրկեց երկիրը՝ հակառակ բոլորի, ինձ կներեք, ես պարապ չեմ: Եվ, վերջապես, ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»:
«Ժողովուրդ»-ը կայացած հանդիպման շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ: «Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կարող է դառնալ փորձառություն չունեցող անհատների, պետական պաշտոնյաների ոչ ֆորմալ շփումների մի հաջող հարթակ, որտեղ կարող են անկաշկանդ մտքերի փոխանակման միջոցով ձեւավորվել մոտեցումներ, որոնցից կարող է գործող վարչապետն օգտվել: Ես նկատի ունեմ ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, քանի որ եթե սա դառնա ինստիտուտ… մյուս կողմից սա անշուշտ ունի իր մեջ կառուցողական լիցք` հաղորդելու նաեւ քաղաքական շփումներին նոր որակ, նոր մշակույթ»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Խ. Հարությունյանի կարծիքով՝ նման հանդիպումները պարբերական են լինելու. «Այստեղ չի կարող լինել օրակարգ, ինչ-որ հարց եկեք, քննարկենք, կարող է՝ վարչապետը ասի՝ ընտրեք, ակումբի առաջիկա նիստերից մեկին ասեք ձեր կարծիքն ինչ-որ հարցերի վերաբերյալ: Ես կարող եմ արձագանքել նրա խնդրանքին ու կարող եմ նաեւ չարձագանքել: Դա ակումբ է, դա հարթակ է վարչապետների համար»:
Հավելենք, որ երեկվա հանդիպումը նախկին վարչապետների խնդրանքով փակ է եղել, չեղյալ է հայտարարվել նաեւ նախապես խոստացված ասուլիսը: Նրանք որոշել են լռել՝ հանդիպումը PR ակցիայի չվերածելու համար: Իսկ թե ինչ տվեց այն, այդպես էլ անհասկանալի մնաց: Միայն կարելի է արձանագրել, որ ակումբի գաղափարը տապալվեց:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԻՆՔԸ ՆԱՎՍՈՂՆԵՐԻՑ ՉԷ
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով համալսարանի ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի սեքս-սկանդալի հայտնի պատմությանը, ասաց, որ եթե հրապարակումները ճիշտ են, ապա դա բացարձակ իրեն չի հետաքրքրում: «Իմ ժամանակ էլ ինչ ասես չէին գրում, նույնը հիմա են անում: Շատ բաների չեմ հավատում, բայց եթե անգամ այն, ինչ գրում են, ճիշտ է, պետք է ասեմ, որ ինձ չի հետաքրքրում»,- ասաց պոլիտեխնիկի նախկին ռեկտորը: Մեր այն հարցին, թե կարծիքներ կան, որ ռեկտորի պաշտոնը լքելուց հետո ինքը «նավսել» է այդ պաշտոնն ապագայում զբաղեցնողներին, եւ դա է պատճառը, որ աղմկոտ պատմությունները մեկը մյուսին հաջորդում են պոլիտեխնիկում, Արա Ավետիսյանը պատասխանեց. «Կյանքում ոչ մեկի չեմ նավսել կամ անիծել, ով այդպիսի կարծիքի է, թող մտածի իր արածի հետեւանքների մասին»: Ի դեպ, Արա Ավետիսյանը ներկայումս ԵՊՀ-ում դասախոսություն է կարդում, ինչպես նաեւ աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

 

ԿԱԹԻԼ-ԿԱԹԻԼ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձեւ է գտել: Նրանք ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից նախկին ութ ժամի փոխարեն աշխատելու են 7 ժամ եւ ըստ այդմ էլ վարձատրվելու են: Սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» պարզաբանեցին, որ աշխատաժամերի կրճատումը վերաբերում է միայն վարչությունների աշխատակիցներին եւ այն էլ՝ միայն ուրբաթ օրերին:

 

ՆՈՐ ԴՌՆԵՐ ՖԻՆՆԱԽԻՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունը «Առողջսպասարկում» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով ձեռք է բերել 4 հատ դուռ: Այդ նպատակով ֆինանսների նախարարությունը հատկացրել է 980 հազար դրամ: Մեկ դռան արժեքը, ըստ այդմ, կազմում է 245 հազար դրամ: Պայմանագրով գնված ապրանքի նկարագրությամբ՝ դռները պետք է լինեն երկփեղկանի, դռան շրջանակը՝ զանգվածային հաճարենու փայտից, իսկ դուռը պետք է պատրաստված լինի երկշերտ, 10 մմ հաստությամբ ՄԴՖ-ով` պատված հաճարենու նրբատախտակով: Հակառակ դեպքում նախարարության աշխատանքները «կտապալվեն»:

 

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԻՃԱԿ
«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը հրապարակել է իր՝ 2014թ. գործունեության հաշվետվությունը: Ըստ որի՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս կուսակցությունը դրամական մուտքեր եւ ելքեր չի ունեցել, ու հաշվեկշիռն էլ զրոյական է: Կուսակցությունը չունի նաեւ շարժական եւ անշարժ գույք: Տեղեկացնենք, որ այս կուսակցության նախագահը ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն է:




Լրահոս