3 ամիս ոչխարի կարգավիճակում են գտնվել, հետո որոշեցին հաշվեհարդա՞ր տեսնել. ծեծի ենթարկված ՀԱԿ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Պողոսյանները նման քայլի են դիմել, քանի որ Աշոտ Փիլիպոսյանն իրենց անձնական վիրավորանք է հասցրել:

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց սույն քրեական գործով դատավճիռը, դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ: Armlur.am-ին տուժող Աշոտ Փիլիպոսյանը, ով բոյկոտել է դատական նիստը և դատարան չի ներկայացել, հայտնեց, որ դատարանը վճռել է ամբաստանյալներ Պարգև և Ռոման Պողոսյաններին տուգանել 8 հազար դրամով: Վճռի հետ ՀԱԿ անդամը համաձայն չէ, սակայն դեռևս վերջնական չի որոշել` կբողոքարկի այն, թե ոչ. «Մեր դատարանները շատ «արդար են», ուստի բողոքարկելու պատճառ չեմ տեսնում: Ողջ դատաքննությունը խեղկատակություն էր: Այդպես էլ չբացահայտվեց, թե ով է եղել պատվիրատուն: Ամբաստանյալներն ուղղակի գործիք էին, իրենք էլ չգիտեին` ուր են հայտնվել, ինչու են հայտնվել: Ասում են` իբր նման բան են արել միայն այն բանի համար, որ ես Ռոմանին ասել եմ ոչխար: Երեք ամիս շարունակ ոչխարի կարգավիճակում են գտնվել, ու հանկարծ որոշեցին հաշվեհարդա՞ր տեսնել»:

Աշոտ Փիլիպոսյանը նկատեց, որ իրեն ծեծի ենթարկելու նախորդ օրը նույն կարգավիճակում էր հայտնվել նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և մի քանի այլ ակտիվիստ ևս, ուստի նա իր հետ տեղի ունեցածը համարում է այս ամենի շղթայական շարունակություն. «Այս ամենի հետևում միանգամայն այլ բան է, սակայն ոչ դատարանը, ոչ քննչական մարմինները չկարողացան իրականությունը բացահայտել: Եթե ես այսօր դատարանում լինեի, անգամ այդ 80 հազար դրամ տուգանքը կպահանջեի վերացնել: Ողջ իրականությունն ի սկզբանե կոծկված է եղել և այդպես էլ մնաց չբացահայտված»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Աշոտ Փիլիպոսյանին զանգահարել էին անծանոթ հեռախոսահամարից և դուրս հրավիրել: Ա. Փիլիպոսյանը ծեծի էր ենթարկվել իր իսկ տան առջև: Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյան եղբայրների նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրությամբ ազատ արձակելը:




Լրահոս