2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում նշվում է
2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։
Մասնավորապես, քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից մինչև 01:00-ն, մի շարք տեղամասերում կազմակերպված բանակի ուղղորդված քվեարկությունը, ըստ հայտարարության, աննախադեպ խախտում է, որը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության ու հավասարության սկզբունքներին և պահանջում է համակողմանի քննություն։
Հայտարարության հեղինակները պնդում են, որ իշխանությունն ամբողջ ծավալով կիրառել է վարչական ռեսուրսը՝ պետական կառավարման համակարգը ծառայեցնելով սեփական ընտրական շահերին։ Նրանց գնահատմամբ՝ նախընտրական քարոզչության նպատակով լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային բյուջեների միջոցները, պետական հիմնարկների, համայնքային կառույցների և պետական ռեսուրսների հնարավորությունները՝ կոպտորեն խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։
Նշվում է նաև, որ Հանրային հեռուստատեսությունը խախտել է քաղաքական ուժերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ քարոզարշավի ընթացքում ակնհայտ տեղեկատվական առավելություն ապահովելով իշխանությանը։
Ըստ հայտարարության՝ ընտրական ողջ գործընթացն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, ակտիվիստների և ընտրողների նկատմամբ ճնշումներով, ահաբեկմամբ, ատելության խոսքով, ապօրինի ձերբակալություններով և քրեական հետապնդումներով, որոնք շարունակվել են նույնիսկ քվեարկության օրը։ Նշվում է, որ ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ղեկավարներ և ակտիվիստներ՝ խաթարելով ազատ քաղաքական մրցակցությունը։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև ընտրողների ուղղորդված և վերահսկվող քվեարկության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, իշխանության օգտին կատարված հավելագրումների և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված այլ խախտումների մասին տեղեկություններին։
Առանձին ընդգծվում է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք, ըստ հեղինակների, խաթարել են գործընթացի թափանցիկությունը և կասկածներ առաջացրել հաշվարկի օրինականության վերաբերյալ։
Հայտարարության համաձայն՝ մի շարք համայնքներում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է բռնություններով, սպառնալիքներով, ֆիզիկական ճնշումներով և այլ ապօրինի գործողություններով։ Նշվում են նաև արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ դրսևորումներ, որոնք, հեղինակների գնահատմամբ, բացասաբար են ազդել ընտրական գործընթացի ազատության և հավասարության վրա։
Հեղինակները կասկածի տակ են դնում նաև քվեարկության արդյունքների հրապարակման ընթացքը՝ նշելով, որ ընտրական տեղամասերի ընդամենը 10 տոկոսի արդյունքների հրապարակումից հետո իշխանությունը հայտարարել է իր հաղթանակի մասին, երբ տեղամասերի մեծամասնությունում դեռևս հաշվված չէին քվեների մեծ մասը։
Հայտարարության մեջ հղում է արվում նաև մաթեմատիկական վերլուծությանը՝ հիմնված Գաուսի կորի անոմալիաների գնահատման մեթոդի վրա, որը, ըստ հեղինակների, վկայում է իշխանության օգտին տասնյակ հազարավոր ձայների կեղծման մասին և պահանջում է անկախ մասնագիտական փորձաքննություն ու միջազգային գնահատական։
Վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը, ըստ հայտարարության, հիմք է տալիս եզրակացնելու, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ, հավասար և անկաշկանդ կամարտահայտության անվիճելի արտահայտություն, իսկ այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։
Հայտարարության հեղինակները կոչ են անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, միջազգային դիտորդական առաքելություններին և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ միջազգային կազմակերպություններին իրականացնել ներկայացված բոլոր փաստերի և պնդումների համապարփակ, անկախ և անաչառ քննություն, տալ յուրաքանչյուր խախտման իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար։
Միաժամանակ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել իշխանությունից հեռացնելու համար։




























