Լուսանցքից դուրս մնացած մարդու հոգեվարք. Գագիկ Գինոսյանը` իր դեմ կազմակերպված ստորագրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` բուռն քննարկումներ են ընթանում «Ազգային երգ ու պար» առարկան առայժմ փորձնական կերպով դպրոցներ ներմուծելու և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի ծրագրով դասավանդելու հարցի շուրջ: Այն պետք է դասավանդվի ֆիզկուլտուրա եւ երգեցողություն առարկաների դասաժամերի հաշվին`  նույն առարկաների ուսուցիչների կողմից, վերապատրաստվելուց հետո:

Ծրագիրը, սակայն, միանշանակ չընդունվեց. դրան դեմ արտահայտվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանը, ում համոզմամբ դպրոցներում պետք է պար դասավանդեն միայն բարձրագույն կրթություն ստացած պարուսույցները: Բանը հասավ նրան, որ change.org  կայքում ստորագրահավաք սկսվեց` «Ընդդեմ Գագիկ Գինոսյանի խայտառակ ծրագրի»:  Կարեն Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը կապ չունի մեկնարկած ստորագրահավաքի հետ, սակայն ինքն էլ է միանում դրան:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գագիկ Գինոսյանը սա որակեց որպես «լուսանցքից դուրս մնացած մարդու հոգեվարք»:  «Ստորագրահավաքը կազմակերպողները քաղաքացիները չեն, այլ ինչ-որ թիմ…Կարող եք քաղաքացիներին հարցնել` ինչպիսին է  Մանկավարժական համալսարանի պարի ամբիոնը… Ընդամենը կասեմ, որ ատելությունը թույլերի զենքն է, արհամարհանքը` ուժեղների:  Ինձ համար հետաքրքիր չեն այդ ստորագրահավաքները, վայնասունները, արդեն անձնական վիրավորանքի հասնող մոտեցումները: Այսքան վայնասունից հետո ո´չ ծրագիր են հրապարակում, ո´չ իրենց տեսլականն են հայտնում, միայն ասում են` դուք չպետք է անեք, մենք պետք է անենք… Իրենք իրենց տեղում թերացել են, հիմա այդ թերացումները փորձում են բարդել ուրիշների վրա»,-մեկնաբանեց նա:

Գագիկ Գինոսյանի խոսքով` եթե դժգոհող կողմը լուրջ հիմնավորում, կոնկրետ  ծրագիր ունի,  թող այն ներկայացնի Կրթության ազգային ինտիտուտին, Կրթության եւ գիտության կամ Մշակույթի նախարարությանը. միգուցե այն ավելի հավանեն. «Ամիսներով չարչարվել, ծրագիր ենք կազմել, մասնագետների ենք վերապատրաստել, հիմա էլ աշխատում ենք, որ ծրագիրը կայանա, ընդամենը մեզ ասում են, որ դեմ են…Մարդիկ բաժանվում են երկու տեսակի` արարող  եւ ոչնչացնող. թող սովորեն արարել»,-եզրափակեց նա:

«Ժողովուրդ»-ը փորձեզ կապ հաստատել նաեւ Կարեն Գեւորգյանի հետ, սակայն վերջինս ակնհայտ կերպով խուսափեց զրույցից:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` Pan Armenian photo-ի




Լրահոս