Ուրիշներից հարգանք պահանջելուց առաջ հարկ է, որ ինքներս հարգենք մեզ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի` նախօրեին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթը, չգիտես ինչու, շատ ցավագին ընդունվեց Հայաստանի քաղաքական եւ լրատվական որոշ շրջանակների կողմից: Նրանց հատկապես վրդովվեցրել էր ՌԴ Պետդումայի նախագահի` Արեւմուտքի հասցեին արած կոշտ գնահատականների ֆոնին հիշատակումը, որ հակառուսական պատժամիջոցներից առավելապես տուժել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան եւ Մոլդովան: Սա գնահատվեց որպես սպառնալիք-զգուշացում` ուղղված Հայաստանին, եթե վերջինս հանդգնի երազել «եւ-եւ»-ի քաղաքականությունը շարունակելու մասին:

Այդպես է դա արդյոք, թե ոչ, դժվար է միանշանակ ասել, բայց որ Ռուսաստանի իշխանությունները նման զգուշացման համար կարիք չունեն Պետդումայի նախագահի մակարդակով ելույթներ ունենալ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, բավարար է ընդամենը մեկ հեռախոսազանգը Բաղրամյան 26, կարծում ենք, այսօր քչերի մոտ կասկածի տեղիք կտա: Նույնքան ակնհայտ է նաեւ այն, որ Նարիշկինի գնահատականը` Ուկրաինայի եւ Մոլդովայի կրած վնասների հետ կապված, պարզապես իրողություն է, որը ցանկացած քաղաքական շահագրգռությունից առաջ ամրագրված է պարզ, տնտեսական ցուցանիշներով (այդ շարքում է նաեւ Վրաստանը): Եվ փորձել չտեսնել կամ խեղաթյուրել այդ իրողությունը ոչ միայն դժվար է, այլեւ անօգուտ: Ի դեպ, հենց նույն Ուկրաինայում տեւական ժամանակ չէին ցանկանում տեսնել ակնհայտ բաները, սակայն ծվեն-ծվեն արվող այդ երկրի աչքերը կամաց-կամաց բացում է ոչ այնքան Ռուսաստանը, որքան հենց նույն Եվրամիությունը` իր երկակի եւ ոչ վճռական պահվածքով:

Նույնկերպ անհասկանալի է այն վրդովմունքը, որն ապրում են հայրենի արեւմտամետ ուժերը Նարիշկինի այն հայտարարությունից, թե անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հայ ժողովրդի ընտրությունն է: Հետաքրքիր է՝ իսկ ինչ պետք է ասեր Նարիշկինը, եթե մեր երկրի նախագահը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ «Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը», ինչից հետո, ի դեպ, ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված որեւէ հանրային ընդվզում, քիչ թե շատ մարդաշատ հանրահավաք, կամ բողոքի այլ հիշարժան դրսեւորում չեղավ: Ավելին՝ երկրի ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի, ԵՏՄ-ի հասցեին հնչեցվող դիֆերամբներով անգամ գերազանցեց իշխանություններին: Եվ, ի վերջո, անցած դեկտեմբերի 4-ին երկրիս Ազգային ժողովը գրեթե միաձայն, բացառությամբ 7 հոգու, կողմ քվեարկեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրին: Ժողովրդի ընտրությունն էլ ինչպե՞ս է լինում:

Առհասարակ, մենք սիրում ենք քննադատել օտարերկրյա պաշտոնյաներին Հայաստանի նկատմամբ նրանց դրսեւորած լկտի, ցինիկ եւ անհարգալից պահվածքի համար` մոռանալով, որ ուրիշներից հարգանք պահանջելուց առաջ հարկ է, որ ինքներս հարգենք մեզ:




Լրահոս