ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅԴ-ԻՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս հստակեցված չէ, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման որ մոդելն է ընդունելի համարում: Ա. Մինասյանը նշեց, որ այդ հարցում անորոշ վիճակ է:

-Պարո՛ն Մինասյան, ԱԺ պատգամավորներին արդեն բաժանվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Արդեն ուսումնասիրել եք այն, արդյո՞ք սա այն էր, ինչ ցանկանում էր ՀՅԴ-ն:
-Նախ որպեսզի հասկանալի լինի, թե մենք ինչ էինք հետապնդում ու ինչ ունենք այսօր, պետք է որոշակի կարճ ակնարկներ անենք: Երբ հռչակվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու նախագահի մտադրությունը, մենք աշխատել ենք մասնագիտական հանձնաժողովի հետ, մեր մոտեցումները ներկայացրել ենք: Թե՛ մեր նախկին եւ թե՛ ներկա մոտեցումները մենք ներկայացրել ենք 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ մեր 7 կետանոց առաջարկների հիման վրա: Մասնագիտական հանձնաժողովն իր առաջին տարբերակը հրապարակելիս նշեց, որ հնարավոր երկու տաբերակ կա՝ կիսանախագահականը զարգացնելու կամ խորհրդարանական համակարգին անցնելու: Մենք նորից պնդեցինք, որ կիսանախագահականը զարգացնելու տարբերակն ապագա չունի, միակ տարբերակը պառլամենտական կառավարման տարբերակին անցնելն է: Ու այդ աշխատանքի արդյունքում ծնվեց վերջնական տարբերակը, որը որ ներկայացվեց հանրապետության նախագահի հաստատմանը: Հերթական տարբերակի հիման վրա մենք հրապարակեցինք արդեն մեր մյուս մոտեցումները, որն արդեն 10 կետից է բաղկացած կամ 28 ենթակետից, որտեղ տվել ենք մի շարք ուղղություններով կոնկրետ տեսակետ: Նշել ենք, որ պառլամենտական ձեւի անցումը նշանակում է, որ մեկ մանդատ ունեցող իշխանություն պետք է լինի երկրում, այն էլ՝ պառլամենտական, եւ դրա ընտրության որակական փոփոխության համար անհրաժեշտ է ընտրական համակարգի ամբողջական վերանայում: Իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ, տեղական ինքնակառավարման նոր մոդելի որդեգրում, դատական իշխանության անկախության սահմանադրական նոր մեխանիզմի ամրագրում, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների իրացման եւ իրավունքի գերակայության սկզբունքի իրագործման մեխանիզմների ամրագրում: Սրանք ես ներկայացրեցի ընդհանրական կարգով, իրականության մեջ փոխվում է ամբողջ մի պետական կառավարման մեխանիզմ: Այլ կերպ ասած՝ այս փուլում մեր տեսակետն է` հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այս հայեցակարգը, որպես ամբողջություն, հայեցակարգի մակարդակով մեզ համար ընդունելի է, բայց շատ կարեւոր է բուն տեքստերի մշակումը: Երբ տեքստերը կմշակվեն, ու մեր առաջարկները կիրացվեն այնտեղ, մենք միանշանակ կողմ ենք լինելու այդ փոփոխություններին: Բայց եթե նորից շարունակվի անորոշությունը պահպանվել` կիսանախագահական թե պառլամենտական, ապա մենք շատ կտրուկ ենք ասել, որ մենք պառլամենտականին ենք կողմ, իսկ կիսանախագահականի որեւէ զարգացմանը կողմ չենք:
-Հիմա Սերժ Սարգսյանը անորոշ վիճակո՞ւմ է Ձեզ պահում, հայեցակարգով այդ հարցը դեռեւս հստակեցված չէ՞:
-Հայեցակարգով շատ հստակ է, պառլամենտական կառավարման ձեւն է, բայց հանրապետության նախագահի խոսքը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, որ այնուամենայնիվ, դեռ պահպանվում է հնարավորությունը, որ կարող է այս կիսանախագահական զարգացման մեխանիզմը գնա: Մեզ մոտ պառլամենտական մոդելը ոչ թե պահի ազդեցության տակ ծնված տեսակետ է, այլ 20-25 տարի մենք շարունակաբար պնդում ենք դա ու դրանում համոզված ենք:
-ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները հայտարարում են, որ իրենք եւս սպասում են վերջնական տարբերակի, իրենց տեսակետը ներկայացնելու համար…
-Ես կասկածում եմ, որ բոլորը դրան են սպասում, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր որ ընդամենը երկու ամիս առաջ ասում էին, թե պետք չեն սահմանադրական փոփոխությունները, հիմա փորձում են առիթ ման գալ, ասում են, թե սպասում ենք` տեսնենք՝ ինչ է հրապարակվելու: Դա հերթական քաղաքական խաղ է, կամ էլ փորձում են իրենց տեղը վերադասավորել: Ես կտրուկ մերժում եմ այդ մոտեցումը, ավելի լավ է տղամարդավարի կանգնեն, ասեն, որ իրենք կողմ են համակարգային փոփոխություններին, այդ թվում նաեւ՝ իշխանափոխությունը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով, կամ ասեն, որ իրենք ընդհանրապես դեմ են: Այն ուժերը, որոնք որ ժամանակին ասել էին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին եւ իրավիճակից ելնելով՝ փոխեցին իրենց տեսակետները, ես նրանց ներկայացված կեցվածքին, խոսքերին չեմ հավատում: Եթե վաղն ուրիշ իրավիճակ առաջանա, կարող է իրենք նորից իրենց տեսակետը փոխեն, դա ինձ համար ընդունելի չէ, տեսակետը չի կարող փոխվել քաղաքական երեւույթներից ելնելով:
-Իսկ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ խոսե՞լ է այն մտահոգությունների մասին, որն ունեք կիսանախագահականի հետ կապված, ի վերջո, հասկանալի՞ է, թե ինչու է Ս. Սարգսյանն այս հարցում անորոշ վիճակը երկարաձգում:
-Այդ թեմայի շուրջ մենք չենք խոսել, բայց հանդիպումը եղել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության եւ պառլամենտական կառավարման ձեւի շուրջ, ու ունեցել ենք փոխադարձ ըմռնում ու, ըստ էության, մեր բոլոր առաջարկները իրացվելի են համարվել հանարապետության նախագահի կողմից: Այլ հանդիպում կամ պայմանավորվածություն, որը կբերի կիսանախագահական համակարգի զարգացմանը, մենք չենք ունեցել:

 

 

 

 

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՀԱՐՑԸ ՍԴ-ՈՒՄ ԿՔՆՆԵՆ ՀՈՒԼԻՍԻՆ

2014 թվականի նոյեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա վարույթ էր ընդունել ՀՀ Ազգային ժողովի կողմից անցած տարվա հունիսի 21-ին ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը եւ կից օրենքները:

Պահանջում նշվում էր նաեւ դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող Եկամտային հարկի մասին օրենքը եւ ՀՀ օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին գործը:
Այնուհետեւ ԱԺ պատգամավորները դիմել էին ՍԴ` կուտակային կենսաթոշակների վերաբերյալ դատաքննությունը հետաձգելու դիմումով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանը նշված դիմումը բավարարել է, եւ դատաքննության օրը հետաձգվել է` նշանակվելով հուլիսի 7-ին, ժամը 10:00-ին:
Նման պահանջով ՍԴ է դիմել այդ հարցով ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած պատասխանները չեն բավարարել պատգամավորներին:
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա օգոստոսին ԱԺ «հրաշալի քառյակը» երկար քննարկեց այս խնդրով ՍԴ դիմելու հարցը, որից հետո ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենք նպատակահարմար չեն համարում նույն հարցով կրկին ՍԴ դիմելը:
«ԲՀԿ-ն ավելի հակված է, որպեսզի այդպիսի քայլի գնանք: Մենք այն տեսակետին ենք, որ ՍԴ-ի միջոցով կարող ենք հասնել այս նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելուն»,-հայտարարել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նշենք նաեւ, որ ՍԴ հայցադիմումի տակ 36 պատգամավոր էր ստորագրել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ՝ ՓՈԽՎԱՐՉԱՊԵ՞Տ
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան առ այն, որ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եւ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը որեւէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում եւ արտերկրում»:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանին, որի հետեւանքով նրա նկատմամբ հալածանքների շարք սկսվեց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական: Երկար ժամանակ Սուքիասյանն ընդհատակում մնաց, զրկվեց պատգամավորական մանդատից: Հիմա նա վերականգնել է նախկին դիրքերը:

 

ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք փորձում են լուծել Սեւանի, ինչպես նաեւ Վարդենիսի բժշկական քոլեջի ուսանողների հետագա ուսուցման հարցը` հաշվի առնելով ուսանողների կարծիքը: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր վերը նշված քոլեջները ԿԳՆ-ի կողմից փակելու պատմությանը, որի արդյունքում ակամա տուժողները դարձել էին ուսանողները: «Վարդենիսի որոշ ուսանողներ ցանկություն են հայտնել սովորել այնտեղի պետական քոլեջում, իսկ մի մասն էլ՝ Վարդենիսի հումանիտար քոլեջում, որը մասնավոր է եւ հավատարմագրված չէ: Մենք բոլորի կարծիքը հաշվի ենք առել եւ ամեն ինչ արել ենք հօգուտ ուսանողների շահերի: Նշեմ, որ եղել են ուսանողներ, որոնք մեր առաջարկած բոլոր տարբերակներից հրաժարվել են»,- պարզաբանեց Աբրահամյանը:

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը մրցույթ է հայտարարել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Մրցույթը կանցկացվի 2015 թվականի ապրիլի 30-ին:




Լրահոս