Եթե Հայաստանը չօգտվի առիթից, կմնա Ռուսաստանի տնտեսական և քաղաքական փլատակների տակ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում «Վեցյակի» եւ Իրանի միջեւ ութ օր շարունակ ընթացող բանակցությունների` նախօրեին հայտարարված հաջող ավարտը, կարելի է ասել, պատմական իրադարձություն է, որը կարող է շրջադարձային աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ: Ինչ խոսք, բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է ամրագրվեն մինչեւ հունիսի 30-ը ստորագրվելիք վերջնական համաձայնագրում, սակայն դա, թերեւս, արդեն կարելի է համարել տեխնիկական հարց:

Այսպիսով` Արեւմուտքը սրընթաց կերպով իրագործում է Ռուսաստանին մեկուսացնելու իր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ պատժամիջոցների դադարեցումից հետո Իրանը, որպես էներգակիրների ահռելի պաշարներ ունեցող երկիր, Ռուսաստանի համար նոր եւ շատ մեծ խնդիր է դառնալու: Եվս մեկ հզորագույն մրցակցի մուտքը միջազգային շուկա, բնականաբար, հանգեցնելու է էներգակիրների, մասնավորապես նավթի գների էլ ավելի մեծ անկման, ինչն էլ համարժեք ուժգնությամբ հարվածելու է Ռուսաստանի՝ առանց այդ էլ անկում ապիրող տնտեսությանը:

Այս իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանը, ինչպիսի սպառնալիքների եւ ակնկալիքների հաշվարկ պետք է կատարի, որպեսզի կարողանա տնտեսական օգուտներ քաղել Իրան-Արեւմուտք մերձեցումից` չհայտնվելով Ռուսաստանի ճզմիչ սապոգի տակ: Նման մի քայլ կարծես թե օրերս արդեն արվել է: Խոսքը Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի մասին է, որը կարելի է դիտարկել որպես ՀՀ արտաքին քաղաքականության` տնտեսական եւ ռազմական բաղադրիչների դիվերսիֆիկացիայի վերջին տարիների ամենահաջողված փորձը: Համենայն դեպս, Պեկինում ստորագրված հայ-չինական հռչակագիրն ու շուրջ մեկ տասնյակ համաձայնագրերը դրա համար շատ մեծ ներուժ են պարունակում, որի ռեալիզացիայի հարցում որոշիչ դերակատարություն կարող է ունենալ նաեւ Իրանը:

Հենց Իրան-Չինաստան ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքական ծանրակշիռ քայլերը կարող են իրագործելի համարվել, քանի որ գոնե այս փուլում դրանք այն աստիճան չեն նյարդայնացնի ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Ռուսաստանին, որպեսզի կասեցվեն:
Սա, կարելի է ասել, Հայաստանի համար հնարավորությունների լայն բացված պատուհան է, որից չօգտվելու դեպքում Հայաստանը բառացիորեն կմնա Ռուսաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական փլատակների տակ: Ի վերջո, մեզ նման փոքր երկրների համար անկախությունը պահելու ամենաարդյունավետ, ավելի ճիշտ` միակ ձեւը հնարավորինս շատ եւ միմյանց հակակշռող բեւեռներից հավասարաչափ կախվածությունն է:




Լրահոս