Նախորդ տարվա մարտի 19-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկի մարտական դիրքերում մահացել էր 20-ամյա զինծառայող Արման Ղուկասյանը, ևս մեկ զինվորական՝ Աշխատակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կապիտան Վարազդատ Զաքարյանը, ոտքերի զույգ ազդրերի շրջանում ստացել էր առողջության միջին վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Armlur.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հայրը՝ Արտյուշ Ղուկասյանը, հայտնեց, որ գործի նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Գորիսի ընդհանուր իրավասության դատարան: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ է եղել որդու զորամասում, սպայական անձնակազմի հետ է հանդիպել և պարզել է, որ որդու մահվան մեջ մեղադրվող զինծառայող Գևորգ Հակոբյանը կալանավորված չէ. «Նրա հետ մի քանի օրից պիտի հանդիպեմ»,- հավելեց զինծառաողի հայրը:
Հիշեցնենք, որ կատարվածից հետո Արտյուշ Հակոբյանը այցելել էր զորամաս, որտեղ իրեն հայտնել էին, թե հնարավոր է՝ կրակոց արձակած համածառայակիցը որդուն շփոթել է հակառակորդի հետ:
Իսկ ինչպես մեղադրական եզրակացությունից է պարզ դառնում, 26-ամյա Գևորգ Հակոբյանը մեղադրվում է այն բանում, որ նշանակված լինելով մարտական հերթապահության՝ 2014թ. մարտի 19-ին մարտական հերթապահություն կրելու կանոնների նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք` խախտել է նախատեսված պահանջները:
Սրա արդյունքում տվյալ պահին խրամուղու մեջ գտնվող ականազերծման աշխատանքներին ընդգրկված ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել, իսկ ՊԲ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատրի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Վարազդատ Զաքարյանը ոտքերի զույգ ազդրերի շրջանում ստացել է առողջության միջին վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ` առաջացնելով ծանր հետևանքներ:
Ի դեպ, Գևորգ Հակոբյանը նախապես տեղյակ է եղել, որ դիրքի առաջնագծի խրամուղու աջ և ձախ հատվածները երկարացնելու համար ՊԲ N զորամասի զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ 4-10 տարի ժամկետով: