Էդվարդ Նալբանդյանին կանչել են Մոսկվա` հրահանգներ տալու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ըստ ՌԴ ԱԳ պաշտոնական հաղորդագրության` Նալբանդյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի արտաքին քաղաքականության համակարգման հետ կապված հարցեր: Այսպիսով` փաստորեն, ռուսական կողմը բաց տեքստով հայտարարում է, որ ՀՀ արտգործնախարարը կանչվում է Մոսկվա` հերթական ցուցումներն ու հրահանգները ստանալու համար:

Սա, իհարկե, այլեւս որեւէ մեկի համար զարմանալի չէ, առավել եւս, որ հայ-ռուսական հարաբերությունների բնույթն այդպիսին է արդեն ավելի քան տասնհինգ տարի: Օրինակ՝ Վ. Պուտինը դեռեւս 10 տարի առաջ հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանին կանչելու է «կոնսուլտացիաների», Բ. Գռիզլովն էլ նշում էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Այնպես որ՝ այն, որ Էդվարդ Նալբանդյանին արտաքին քաղաքականության համակարգման համար հարկ են համարել հրավիրել Մոսկվա, այլ ոչ թե հրահանգներն ուղարկել են էլեկտրոնային նամակով, արդեն իսկ «առաջընթաց» է:

Իհարկե, այս անգամ Նալբանդյանին անձամբ «համակարգելու» անհրաժեշտությունը էապես պայմանավորված է Իրանի շուրջ զարգացումներով եւ հայ-չինական հարաբերություններում գրանցված վերջին առաջընթացով: Ըստ ամենայնի, Լավրովը նախ ցանկանում է լսել, թե ինչ ծրագրեր ունեն ՀՀ իշխանությունները, ապա միայն անցնել «համակարգմանը»:

Թեեւ դատելով Էդվարդ Նալբանդյանի` «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված վերջին հարցազրույցից՝ նա այնպես է «ինքնահամակարգվում», որ լրացուցիչ հրահանգների կարիք չկա էլ: Անդրադառնալով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ Նալբանդյանն այնպիսի մի գովք է անում, որ ընթերցողին կարող է թվալ, թե ներկայումս Հայաստանում ոչ թե արտահանման ծավալները կրճատվել են 100 անգամ, ոչ թե դրամային հոսքերը նվազել են 41 տոկոսով, ոչ թե գնաճը հասել է անտանելի չափերի, այլ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում «կոմունիզմը եկել է»: «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական եւ գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ եւ այլն: Առավելություններն ակնհայտ են»,- ընդգծել է Նալբանդյանը:

Եվ ոչինչ, որ յուրաքանչյուր բանական մարդու մոտ հարց է առաջանում՝ եթե ԵՏՄ-ն անգամ «ոսկե սարեր» է մեզ տալու, ինչ կարիք կա այդ մասին անընդհատ բարձրաձայնելու` հարուցելով մեր մրցակիցների խանդը, չէ որ Բելառուսն ու Ղազախստանը անընդմեջ բողոքում են ԵՏՄ-ից` այդպիսով նորանոր օգուտներ քաղելով: Էդվարդ Նալբանդյանի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է, այստեղ չեն գործում դիվանագիտության եւ տրամաբանության նորմերը, այստեղ գործում է բացառապես «ինքնահամակարգման» պաթոլոգիան:




Լրահոս