Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում մեղադրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին այն բանում, որ վերջիններս իմացել են գազի գնի թանկացման մասին, սակայն դա թաքցրել են ժողովրդից: Որպես պատճառաբանություն ՀԱԿ ղեկավարը նշեց, թե նախագահական ընտրություններին դա կարող էր վնաս պատճառել:
Լևոն Զուրաբյանը նաև մեջբերեց Հունգարիայի վարչապետի օրինակը: Նա նշեց, թե վերջինս բյուջեի դեֆիցիտի մասին ինֆորմացիան թաքցրել էր ժողովրդից, հետո մի հավաքի ժամանակ նրա խոսքերը ձայնագրել էին ու ներկայացրել ժողովրդին: «Հիշեցի շպիոն Օնոյի պատմությունը», – արձագանքեց Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն իր ելույթի վերջում պատասխանեց Գալուստ Սահակյանին. «Ինչ վերաբերում է անեկդոտներին, ես Գալուստ Սահակյանի մասին մի անեկդոտ եմ հիշել, բայց հաշվի առնելով, որ այսօր իր ծննդյան օրն է, այսօր կսահմանափակվեմ միայն շնորհավորելով»: Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ամեն օր էլ իր ծննդյան օրն է: