Ռոբերտ Քոչարյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել սեփական կայքին, որը, նկատենք, բավականին անսպասելի էր ոչ թե անակնկալի իմաստով, այլ սպասված չլինելու: Փետրվարի 16-ին տված իր վերջին հարցազրույցից հետո, որում նա, ըստ էության, սպառնում էր Սերժ Սարգսյանին` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու դեպքում ընդդիմադիր դաշտի առավել համախմբմամբ եւ իրավիճակի հետագա սրմամբ, Քոչարյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում:
Ծառուկյանի խայտառակ «կապիտուլյացիայով» Ս. Սարգսյանն, ըստ էության, «կապիտուլացրեց» նաեւ Ռոբերտ Քոչարյանին` որպես ներքաղաքական զարգացումների վրա ստվերային ազդեցություն ունեցող գործոն, ինչից հետո նախկին նախագահի մասին բոլորը պարզապես մոռացել էին: Եվ հիմա, փաստորեն, իր այս հարցազրույցով Քոչարյանը փորձում է հիշեցնել իր մասին, սակայն քաղաքական նախկին կշռի եւ ասելիքի բացակայության պայմաններում դա այդքան էլ արդյունավետ չի ստացվում:
Երեկվա հարցազրույցի թերեւս միակ հետաքրքիր պահն այն էր, որ իր ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին Քոչարյանը խոսեց անցյալ ժամանակով: «Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ…»,- ասաց նախկին նախագահը` միեւնույն ժամանակ հարկ համարելով արդարանալ իր` արդեն նշված սպառնալիքների համար. «Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի եւ երկրի համար դրա հնարավոր բացասական հետեւանքների խնդրով մտահոգ ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահի հայտարարությունն էր»:
Հարցազրույցի մնացած հատվածներում նախկին նախագահն, ըստ էության, որեւէ նոր բան չի ասում, անգամ մեկ-երկու տեղ բացահայտ արձանագրում է, որ կրկնվում է. «Կրկնվեմ. երկիրը անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի աշխատասենյակից», – վստահեցնում է Քոչարյանը, ով թե՛ վարչապետի, թե՛ նախագահի սենյակից երկիրը միատեսակ անհաջող կառավարեց:
Ի դեպ, Քոչարյանի անհաջող կառավարման հետ կապված դառը հիշողություններ են արթնացնում նրա` արդեն հաջորդ նախադասությունում արված պնդումները, թե. «Խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը: Ձեզ հայտնի են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է»: Սա ասում է մի մարդ, ով ինքը հրապարակավ մերժում էր կուսակցական ինստիտուտը` հայտարարելով, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, եւ որ ամենակարեւորն է` հրապարակավ խոստովանելով, որ ինքն էր հատ առ հատ կազմում խորհրդարան անցնող կուսակցությունների համամասնական ցուցակները: Եվ դեռ այդքանից հետո էլ նա, «տեսեք-տեսեք», մտահոգվում է, որ խորհրդարանական համակարգը «կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»: