Նախորդ շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզպետարանում նույն մարզի գյուղապետերին բաժանվեցին սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգի գրքույկները: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նույն մարզի Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանի եւ Տանձավարի գյուղապետ Արսեն Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ծանոթացե՞լ եք սահմանադրական բարեփուխումների հայեցակարգին:
-Կամաց-կամաց ծանոթանում եմ էլի: Կարդում եմ:
-Ի՞նչ առարկություններ ունեք:
-Առանձնապես ոչ մի մտահոգություն չունեմ:
-Համաձա՞յն եք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուն:
-Ո՛չ, մեզ մոտ խորհրդարանականը չի ստացվի: Պատերազմական իրավիճակում ենք: Իսկ այս դեպքում միանձնյան ավելի լավ կկառավարի, քան խորհրդարանական ձեւով:
-Իսկ քաշունցիներն ի՞նչ են մտածում այս մասին:
-Մեր գյուղացիները ոչ մի բան էլ չեն մտածում: Ինչ կորոշի մեր Կառավարությունը, Ազգային Ժողովը, համաձայն ենք: Մենք մեր գյուղում 5-10 մարդ ենք, ուզենք-չուզենք, պետք է համաձայնենք: Բայց անձամբ ես կողմ չեմ խորհրդարանական կառավարման մոդելին:
-Այս հարցը Ձեր գյուղի բնակիչներին չի՞ հետաքրքրում:
-Ո՛չ, ոք չի հետաքրքրվում: Իրենք միայն մտածում են իրենց կենսաթոշակի բարձրանալու, ճանապարհների վերանորգման, գյուղի բարեկարգման մասին:
-Պարո՛ն Հակոբյան, հայեցակարգին ծանոթանալու ընթացքում կոնկրետ ո՞ր կետին եք համաձայն, որին՝ ոչ:
-Հատվածներ կան, որոնք կարդալու ընթացքում գրիչով ընդգծել եմ, որպեսզի մեկ այլ մասնագետի հետ պարզաբանեմ, հասկանամ: Այնուհետեւ իմ եզրակացությունը կտամ: Շատ բարդ է: Գուցե՞ ես լավ չեմ հասկանում: Տերմինաբանությունն է բարդ: Նաեւ պետք է հասկանամ, թե ինչն ինչոց է: Հայեցակարգը՝ որտեղ, ես՝ որտեղ:
-Այս թեմայի շուրջ քաշունցիների հետ քննարկում անցկացնելո՞ւ եք:
-Առաջիկայում կանենք:
–Պարոն Հարությունյա՛ն, Դուք կառավարման ո՞ր մոդելին եք կողմ՝ կիսանախագահական, թե՞ խորհրդարանական:
-Ես ընդհանրապես բարեփոխումների կողմնակից եմ: Եթե, իհարկե, այս ամենը բարեփոխումներ են: Ներկա իրավիճակում մեկ մարդու որոշումը դա ճիշտ չեմ գտնում: Ճիշտ կլինի՝ կոլեգիալ որոշում կայացվի:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ