Թուրքիան բացահայտ մարտահրավեր է նետում Եվրոպային. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին հետեւած Թուրքիայի հիստերիկ արձագանքը, կարելի է ասել, նվեր էր հայ դիվանագիտության համար: Հիշեցնենք` կաթոլիկ եկեղեցու քահանայապետն իր խոսքում նշել էր, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային եւ աննախադեպ ողբերգություն: Առաջինը, որը լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, պատուհասել է հայ ժողովրդին»: Ու թեեւ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այս ձեւակերպումը, ըստ BBC-ի, երկրորդում էր դեռեւս 2001-ին Հռոմի Հովհաննես-Պողոս Պապի ընդունած հռչակագրի ձեւակերպումը, թուրքական կողմի արձագանքն անհամեմատ ավելի կտրուկ էր, քան տասնչորս տարի առաջ, երբ նշվում էր Հայաստանի` քրիստոնեության ընդունման 1700-ամյակը:

Պատարագը դեռ չավարտված` Անկարայում Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոն, որին փոխանցվել է թուրքական կողմի բողոքի նոտան: Չբավարարվելով դրանով` նույն օրը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Վատիկանում հավատարմագրված Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջին։ Իսկ արդեն երեկոյան Հռոմի Պապի ուղերձը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. «Պապի հայտարարությունները պատմությունը խեղաթյուրում են, հաշվի են առնում միայն մեկ խմբի տառապանքները եւ անտեսում մյուս խումբը,- հայտարարել է «տառապած» թուրք ժողովրդի զավակն ու անցել հաթաթաների,- այդ հայտարարությունը ճանապարհ է բացում Եվրոպայում ռասիզմի համար եւ մահմեդականներին, թուրքերին մեղադրում է հավաքական հանցանքի մեջ։

Այդ ուղերձի հնչեցման համար ընտրված ժամանակը շատ ցավալի է, սխալ եւ անտեղի»։ Ապա Դավութօղլուն արդեն բաց տեքստով սպառնացել է Եվրոպային` ասելով. «Դիմում եմ Հռոմի Պապին եւ քրիստոնյա համայնքին, եթե մենք վերսկսենք պատմական բանավեճերը, ապա իմացեք, որ առավել ամոթալի փաստերը կլինեն հենց Եվրոպայի պատմությունից»:

Սա արդեն բացահայտ մարտահրավեր է` նետված Եվրոպային եւ այս իմաստով՝ մեզ համար գործելու լավ հնարավորություն: Այսպիսով` Թուրքիայի ներկայիս իշխանություններն ընդլայնում են «մարտադաշտը» եւ հատկապես ընթացիկ աշխարհաքաղաքական իրողություններում, որտեղ առաջնային դեր ունի կրոնական պատկանելությամբ պայմանավորված արժեհամակարգային բախումը, թուրքական կողմի նման ցինիկ պահվածքին հակադարձելն այլեւս դառնում է հենց նույն Եվրոպայի համար կարեւոր խնդիր: Մեր դիվանագիտությունն էլ իր հերթին պետք է բոլոր հնարավոր խողովակներով շեշտադրի եւ ուշադրություն հրավիրի Թուրքիայի նմանօրինակ պահվածքի վրա` ի ցույց դնելով այն հանգամանքը, որ ժխտողականության յուրաքանչյուր տասնամյակ Թուրքիային ավելի ու ավելի ինքնավստահ եւ անկառավարելի է դարձնում:




Լրահոս