Որքանով ազդեց Հռոմի պապի ուղերձը ցեղասպանությունը չընդունած երկրների վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ի կողմից 1915թ.-ին կատարվածը 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն կոչելը, ինչ խոսք, շատ կարեւոր քայլ էր: Թերագնահատել դրա նշանակությունը, դժվար է, բայց եւ այն գերագնահատելն էլ ճիշտ չէ:

Հռոմի պապի հայտարարությունից հետո արդեն 2 օր է` մեր ողջ էլիտան անասելի հրճվանքի մեջ հայտարարում է, թե Պապի այս ուղերձը «ձնագնդիի էֆեկտ» է ունենալու, «բեկումնային է լինելու» եւ «ցունամիի նման քանդելու է ժխտողականության պատնեշը», այնինչ` այդ նույն ընթացքում Թուրքիայի հիստերիկ արձագանքի պրոգրեսիան դրսեւորվում է ոչ միայն արդեն այդ երկրի նախագահի մակարդակով, այլեւ արտահայտվում է այլ գերտերությունների եւ միջազգային կազմակերպությունների զգուշավոր արձագանքներով:

Ինքը` Էրդողանը, Ֆրանցիսկոս 1-ի հայտարարությունը երեկ որակել է որպես «զառանցանք»: «Ես ուզում եմ զգուշացնել Պապին այլեւս չկրկնել այս սխալը եւ դատապարտում եմ նրան».- ասել է նա: Դրան ի պատասխան` Իտալիայի ԱԳ նախարար Պ. Ջենտիլոնին բավականին ծամծմված եւ զգուշավոր հայտարարություն է արել.«Թուրքիայի իշխանությունների կոշտ արձագանքն, իմ կարծիքով, արդարացված չէ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս 2-րդը 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցածն արդեն անվանել է «Ցեղասպանություն»», – ասել է նա` այդպիսով, ըստ էության, արդարանալով, թե Էրդողանի ասած «զառանցանքի» հեղինակը նախորդ պապն էր: Մինչդեռ կաթոլիկների հոգեւոր առաջնորդի հասցեին այս օրերին թուրքական իշխանավորների հնչեցրած ցինիկ եւ վիրավորական հայտարարությունները, թվում էր, պետք է որ այլ արձագանքի արժանանային` առնվազն իտալական կողմից:

Ուշագրավ է, որ թուրքական հաթաթաներից ընկրկել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նրա խոսնակը հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915 թ. հայերի հալածանքները դաժան հանցագործություն է համարում, դրա հետ մեկտեղ չի շտապում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել»:
Ոչ պակաս հետաքրքիր էին նաեւ ռուսական լրատվամիջոցների շեշտադրումներն առ այն, որ Պապի հայտարարությունը տեղին չէր եւ էլ ավելի կդժվարացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ու թեեւ ՌԴ պաշտոնական շրջանակներից որեւէ արձագանք դեռ չկա, սակայն ռուսական մեդիայի շեշտադրումներն ինքնին արդեն բավականին խոսուն են:

Դե, իսկ Գերմանիայի կառավարության խոսնակ Ք. Վիրցն ընդհանրապես կարճ է կապել` հայտարարելով. «Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում միջամտել այս խնդրին: Սա մի հարց է, որով պետք է զբաղվեն փորձագետներն ու պատմաբանները»:

Այնպես որ, առայժմ մեր ակնկալած «ձնագնդիի կամ ցունամիի էֆեկտը» չի երեւում, փոխարենը տեսանելի է պետությունների ձգտումը` չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:




Լրահոս