ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է մեծ «մաղարիչ» անի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային այն բանի համար, որ ՄԱԿ գագաթնաժողովն ու իր Նյու-Յորք այցը համընկան ԱԺ-ում 2011թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների հետ: Արդյունքում՝ երեկ նրան բախտ վիճակվեց չընկնել ընդդիմադիր պատգամավորների ձեռքը:  Նրա փոխարեն ԱԳՆ ոլորտի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրին փոխնախարարները՝ Շավարշ Քոչարյանն ու Աշոտ Հովակիմյանը, որոնք, մեղմ ասած, հայտնվել էին ծիծաղելի իրավիճակում:
Շավարշ Քոչարյանն այնպիսի պաթոսով ու ոգեշնչվածությամբ էր թվարկում ԱԳՆ գործունեությունը՝ 2011թ. ստորագրվել է 120 պայմանագիր, Սերժ Սարգսյանն ունեցել է 25 օտարերկրյա այց, ԱԺ նախագահը՝ 8, վարչապետը՝ 12, ԱԳ նախարարը՝ 39, որ թվում էր՝ իրենք դրանով հերոսական աշխատանք են իրականացրել: Ու ամեն ինչ կընթանար այդ սցենարով, եթե չմիջամտեին ոչ իշխանական պատգամավորները: Գուրգեն Արսենյանը հարցրեց, թե հյուպատոսական ծառայություններ դիմողների թիվը որքան է եղել 2011թ., քանի որ դա կապված է արտագաղթի ցուցանիշների հետ: Քոչարյանը ասաց, թե թվային տվյալներ չգիտի, բայց հայտնի է, որ նախորդ տարվա համեմատ այդ քաղաքացիների թիվն ավելացել է: Արսենյանը սկսեց փոխնախարարին խրատել, թե անթույլատրելի է նման անպատրաստ վիճակում գալ ԱԺ, երբ հայտնի է, որ նաեւ պատգամավորների հարցերին են պատասխանելու:
Երբ ՀԱԿ-ից Ն.Փաշինյանը սկսեց հերթով հնչեցնել իր հարցերը, Քոչարյանը հիշեց, որ ինքն ուշանում է ինքնաթիռից ու պատգամավորներին խնդրեց մի փոքր արագացնել: Իսկ Փաշինյանի հարցերը բավական տհաճ էին հնչում իշխանությունների ականջների համար. «ԱԳ նախարարը վարում է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ԱԳ նախարարին սպասարկող ամենաթանկարժեք ավտոմեքենան, ճոխություններ է թույլ տալիս իրեն: Չե՞ք կարծում, որ նախարարը պետք է մի փոքր ավելի զուսպ լինի»,- հարցրեց նա: Ահա այստեղ էլ Քոչարյանի նյարդերը տեղի տվեցին ու փորձելով շեֆին արդարացնել՝ անուղղակի կերպով դրեց անհարմար դրության մեջ. «Արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է: Նվիրատվությունը եղել է Գերմանիայից, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա է»: Փաշինյանը հակադարձեց, թե Գերմանիայում շատ սուբյեկտներ կան, որոնց մի մասի նվերն ընդունելի կարելի է համարել, մյուս մասինը՝ ուրիշ բան կնշանակի: «Գերմանացի է, կպատասխանենք հետո, անունը չենք հիշում»,-ասաց Քոչարյանը: Պարզվում է՝ Նալբանդյանին ինչ-որ մի գերմանացի S դասի «Մերսեդես» մակնիշի, մոտավորապես 150-300 հազար եվրո արժողությամբ ավտոմեքենա է նվիրել:
Ինչ վերաբերում է Նալբանդյանի շրջագայություններին, ապա Քոչարյանը նաեւ այստեղ չդիմացավ: «Անվանել շրջագայություն, երբ որ նախարարը գնում է գործուղում, ընդ որում՝ մի օր ստեղ է, ինքնաթիռով, մյուս օրն այնտեղ է, ամեն օր պահանջվում է ելույթներ, հանդիպումներ: Անկեղծ ասեմ՝ չէի ցանկանա ես այդ վիճակում լինեի, որ մարդը հարյուրավոր կիլոմետր է գնում, չի էլ հասցնում քնել: Ոնց կարելի է դա շրջագայություն համարել՝ ես չեմ հասկանում»,-ասաց նա դեմքի ամենատարբեր միմիկաները ցուցադրելով, հետո նայելով ժամացույցին՝ անկեղծացավ. «Վա՜յ… ես ուշանում եմ ինքնաթիռից»: Դահլիճը պոռթկաց ծիծաղից, պատգամավորներից մեկն էլ հարցրեց, թե ուր է շտապում: Պարզվեց՝ Յալթա՝ գործուղման: Ու քանի որ Քոչարյանը տարված էր ինքնաթիռից ուշանալու մտքով, նիստը դեռ չավարտած՝ տեղից վեր կացավ: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը ստիպված էր կանգնեցնել նրան. «Պարոն Քոչարյան, պարո՛ն Քոչարյան, նիստը չի ավարտվել, ո՞ւր եք գնում»: Քոչարյանը շփոթված վերադարձավ, նստեց իր տեղը: Արզումանյանն էլ իր հերթին նախատեց նրան՝ խորհուրդ տալով հաջորդ անգամ լինել պատշաճ պատրաստված, որպեսզի կարողանա ըստ էության ու ամբողջությամբ պատասխանել պատգամավորների հարցերին:
ԱԳ մյուս փոխնախարարին էլ ծանր դրության մեջ գցեցին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը: Զոհրաբյանը հարցրեց, թե «ի վերջո, գոնե ներքին ծառայողական քննություն արել եւ պարզե՞լ են, թե ԱԳՆ-ում ով է թերացել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կանխելու հարցում»: ԱԳ փոխնախարարը փորձեց խուսանավել հարցից ու ընդամենն ասաց, թե ԱԳՆ-ում քննություն է ընթանում, ԱԳՆ-ն պատրաստում է տեղեկանք, որը կներկայացնի ԱԺ-ին: ԱԳ փոխնախարարը փորձեց չպատասխանել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցերին՝ ասելով, թե ինքը եկել է խորհրդարան պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու համար, ու պետք չէ շեղվել նիստի բուն թեմայից: «Դուք պետք է ցանկացած հարցի պատասխանեք, անպատասխանատու պահվածք եք ցուցաբերում ԱԺ-ի հանդեպ, եւ ոչ միայն Դուք: Մտածում եք` դե հաշվետվություն է, կանցնի կգնա, պատգամավորներից 1-2-ն էլ շնորհակալություն կասեն… Պարո՛ն Հովակիմյան, քնած ժամանակ պետք է պատասխանեք, թե քանի երկքաղաքացի ունենք»,- իր հերթին զայրացավ Մանուկյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս