Ցեղասպանության հարցում ի տարբերություն ԵՄ-ի` ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները լռում եմ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ այս օրերին ողջ արեւմտյան մամուլը հեղեղված է Ցեղասպանության մասին հրապարակումներով, Հռոմի պապը պատարագ է մատուցում անմեղ նահատակների հիշատակին եւ կատարվածը որակում որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, իսկ եվրոպական 28 երկրներին միավորող Եվրոպական խորհրդարանն էլ ընդունում է բանաձեւ, որով կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ, տարօրինակ կերպով քար լռություն է տիրում Հայաստանի իշխանությունների ընտրած դաշնակիցների ճամբարում:

Խոսքը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսի եւ Ղազախստանի մասին է: Ռուսաստանն այս դեպքում առանձին դիրքում է թե՛ այդ երկրում Ցեղասպանության հարցի հետ կապված ընդհանուր մոտեցման, թե՛ 1995 թ. Պետդումայի ընդունած առանձնահատուկ հայտարարության (առանձնահատուկ, քանի որ դրանում Արեւմտյան Հայաստանը հիշատակված է որպես հայերի հայրենիք, ինչը չկա որեւէ այլ փաստաթղթում), եւ թե՛, ի վերջո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սպասվող ներկայության առումով:

Իսկ, այ, մեր մյուս եվրասիական դաշնակից, ընդ որում` քրիստոնյա պետությունում հայերի Ցեղասպանության մասին որեւէ մեկը չի հիշում: Ավելին՝ ՀՀ իշխանական էլիտայի հետ բավականին սերտ անձնական հարաբերություններ ունեցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում ապրիլի 24-ին այցելել Հայաստան` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ դա, բնականաբար, առաջին հերթին Թուրքիային եւ հատկապես Ադրբեջանին չնեղացնելու համար: Ամենայն հավանակնությամբ դաշնակից Բելառուսը Հայաստանում այդ օրն անգամ երկրի 2-րդ, 3-րդ կամ 10-րդ դեմքով ներկայացված չի լինի: Համենայնդեպս, առ այսօր այդ մասին տեղեկատվություն չկա: Նույնն էլ, բնականաբար, պանթյուրքիզմի ռահվիրա Նուրսուլթան Նազարբաեւի եւ նրա կողմից ցմահ ղեկավարվող Ղազախստանի դեպքում է: Ահա թե ինչ շրջապատ է ընտրել Սերժ Սարգսյանը, եւ սա եւս մեկ անգամ ընդգծում է այդ ընտրության անհեռանկար եւ ապազգային բնույթը:

Դա այլեւս այնքան ակնհայտ է եւ անհերքելի, որ նման վերաբերմունքը «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից ներկայացնելու ՀՀԿ-ականների հուսահատ ճիգերն արդեն անգամ զավեշտալի էլ չեն, դրանք պարզապես «լացացնող» են: Օրինակ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի բերած փաստարկը, թե. «…ինչ է, եթե մենք անդամակցեինք կամ ասոցացվեինք ԵՄ-ին, ապա 28 երկրների ղեկավարները լինելու էի՞ն այսօր», մեղմ ասած, դժվար է գնահատել, ինչպես ասում են` «No comment»: Միայն մի փոքրիկ հիշեցում՝ այդ նույն՝ 28 երկրների ղեկավարները տակավին նախօրեին ընդունեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ` վերահաստատելով դեռեւս 1989թ-ին ընդունած նույնաբովանդակ բանաձեւը, մինչդեռ Սերժ Սարգսյանի ընտրած դաշնակիցների` մինչ օրս մեր օգտին արված ամենամեծ քայլը եղել է… լռությունը: Տարբերությունը, կարծում ենք, պետք է որ տեսանելի լինի անգամ հանրապետականների համար:




Լրահոս