ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ սկսվեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների բողոքի քննությունը: Նրանցից 6 տարվա ազատազրկման դատապարտված  Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրեց իր պաշտպանյալին վերաբերող բողոքը, որտեղ ապացուցում է, որ ՀԱԿ-ի ակտիվիստն անմեղ է:
Վ. Գրիգորյանը նշեց, որ նույնը վերաբերում է նաեւ ազատազրկման դատապարտված մյուս երեք ակտիվիստներին՝ Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին եւ Դավիթ Քիրամիջյանին: Ըստ Վահե Գրիգորյանի՝ նախաքննության ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնցից ամենակարեւորը վերջին շրջանում է ի հայտ եկել:
Փաստաբանը պատմել է, որ դատական գործընթացի ժամանակ դատարան չեն ներկայացել միջադեպին ականատես երկու ամերիկահայեր՝ Նշե Մոդոյանն ու եւս մեկը, որի անունը նա չի հրապարակել: Ըստ Գրիգորյանի՝ նրանք արդեն մեկնած են եղել Հայաստանից: Նա տեղեկացրեց, որ համաձայն նախաքննական մարմնի՝ այդ վկաներն իրենց ցուցմունքում նշել են, որ ակտիվիստները հարվածել են ոստիկաններին, սակայն Գրիգորյանի հարցմանն ի պատասխան՝ ամերիկահայերը տեղեկացրել են, որ իրենք նման ցուցմունք չեն տվել: Միջադեպից հետո իրենց այցելած քննիչներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես ոստիկանները ծեծի են ենթարկում քաղաքացիական հագուստով տղայի: Նրանք նաեւ ընդգծել են, որ իրենց փորձել են ուղղորդել՝ հարցնելով. «Միգուցե քաղաքացիական հագուստով երիտասա՞րդն է հարձակվել ոստիկանների վրա»:
Փաստաբանի վստահեցմամբ` այս փաստը եւս մեկ ապացույց է, որ Տիգրան Առաքելյանը եւ ՀԱԿ-ի մյուս ակտիվիստները մեղավոր չեն:
Առաջին բողոքը ներկայացնելուց հետո ընդմիջում հայտարարվեց, ապա նմանատիպ փաստարկներով իր բողոքը հիմնավորեց նաեւ մյուս ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Մինչ ընթանում էր դատական նիստը, նույն պահին դատարանի շենքի առջեւ էին հավաքվել ՀԱԿ ներկայացուցիչները, համակիրները, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին ու արդարացնել մյուս երիտասարդներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գեւորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կալանքը կկիրառվի վերջնական վճիռը ուժի մեջ մտնելուց հետո:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս