ՎԱ ԲԱՆԿ՝ ԲՀԿ-ԻՆ ՀՆԱԶԱՆԴԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ավելի է սեղմվում օղակը ԲՀԿ-ի շուրջ: Սերժ Սարգսյանը կոալիցիոն նախկին գործընկերոջ հետ արդեն սկսել է խոսել բացահայտ շանտաժի լեզվով՝ գործի դնելով ընդհուպ մինչեւ իրավապահ լծակները:
Այս օրերին իրար հետեւից իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվում տարբեր առանցքային ԲՀԿ-ականներ: Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Իսկ այդ չարաշահումներն իրականացվել են 2008-2011թթ., երբ քաղաքաշինության նախարարն էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը: Դժվար չէ ենթադրել, որ ցանկության դեպքում այդ չարաշահումների մեղքն ի վերջո կբարդեն նաեւ անձամբ նախարարի վրա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեկ այլ գործ էլ կա առողջապահության համակարգի վերաբերյալ, ընդ որում՝ դրվագը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, համընկնում է ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածի հետ: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ առողջապահության նախարարությունը Նոր Նորքի սրտաբանական հիվանդանոցին է նվիրել մի սարքավորում, որը գնվել է մոտ 16 հազար դոլարով, մինչդեռ շուկայում դրա գինը մի քանի անգամ ավելի էժան է՝ մոտ 4 հազար դոլարի սահմաններում: Այս ամենից բացի, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ԱԺ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Ընդ որում, ուշագրավն այն էր, որ այս քրեական գործի մասին վերջին շրջանում կարծես թե շատերը մոռացել էին, այն մղվել էր երկրորդական պլան: Տեղեկություններ կան, որ քրեական գործերի շքերթն այսքանով չի սահմանափակվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նաեւ այլ ԲՀԿ-ականների վերաբերյալ «բացահայտումների»:
ԲՀԿ-ականների հետ կապված քրեական գործերը երեւան եկան միանգամից իրար հետեւից՝ մի քանի օրվա տարբերությամբ: Իսկ նման իրադարձությունները, ինչպես հայտնի է, չեն կարող պատահական կերպով համընկնել: Ուրեմն այս ամենը որոշակի նպատակ է հետապնդում, նպատակ, որ դժվար չէ կռահել:
Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը 5 ամիս, ու Սերժ Սարգսյանը տագնապած է: Ակնհայտ է, որ ավազակապետական ռեժիմը հայտնվել է կոլապսի մեջ՝ փլուզման եզրին: Ու հիմա իշխանության վերարտադրման համար իրեն հարկավոր է առավելագույնս մոբիլիզացնել ուժերը: Միայն թե նրա շուրջ համախմբված կուսակցությունները վաղուց ի վեր քաղաքական դաշտում զրոյական նշանակություն ունեն: Ու հիմա նա որեւէ լուրջ քաղաքական ուժի օգնության կարիքն ունի. հասկանալի է՝ Հայ ազգային կոնգրեսի դեպքում բացառված է որեւէ օժանդակություն ավազակապետությանը, ուստի մնում է կոալիցիոն նախկին գործընկերը՝ ԲՀԿ-ն: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն, չմտնելով կոալիցիա, մյուս կողմից ընդդիմադիր խաղեր տալով, այդպես էլ չի հստակեցրել նախագահի ընտրությունների հետ կապված իր դիրքորոշումը. պարզ չէ՝ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, հանդես է գալու սեփական թեկնածուով, թե կսատարի ընդդիմադիր այլ ուժի թեկնածուի: Այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը որոշել է այդ կուսակցության առաջ հարցը դնել շատ հստակ՝ ԲՀԿ-ին ստիպելով կողմնորոշվել իր կարգավիճակի ու հետագա անելիքների հարցում: Հիմա քրեական գործեր հարուցելով՝ Ս. Սարգսյանը հստակ մարտահրավեր է նետում ԲՀԿ-ին՝ հասկացնելով, որ ինքը ցանկացած պահի կարող է ճնշել այս կուսակցությանն ու հարկ եղած դեպքում նրա ներկայացուցիչներին իրավական հիմնավորումներով պարզապես բանտ նետել: Իսկ նման տխուր հեռանկարից խուսափելու ճանապարհը կրկին իր շուրջ համախմբվելն ու իրեն սատարելն է: Առաջին փուլում Ս. Սարգսյանը դեռ փորձում է վախեցնել ԲՀԿ-ին: Ու եթե այս քրեական գործերից հետո ԲՀԿ-ն հետեւություններ չանի, ապա երկրորդ փուլում արդեն կսկսվեն ձերբակալությունները, մեղադրանքների առաջադրումը:
Ի դեպ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ԲՀԿ-ականների դեմ հարուցված քրեական գործերը ոչ թե անձնական շահերից ելնելով քաղաքական հաշվեհարդարի հետեւանք են, այլ Սերժ Սարգսյանն իրապես պայքարում է կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման ու չարաշահումների դեմ, նա հիմա գնում է ծայրահեղ քայլերի՝ զոհաբերելով անգամ իր յուրայիններին: Պատահական չէ, որ վերջերս աշխատանքից ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը: Ենթադրվում է՝ շուտով նա էլ կանցնի այս ոլորտի վերաբերյալ հարուցված քրեական գործով: Այս համատեքստում է տեղավորվում նաեւ ՀՀԿ-ական, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի երեկվա ձերբակալությունը: Այս ամենը, թերեւս, խոսում է մի բանի մասին. ռեժիմը հայտնվել է աննախանձելի վիճակում ու սկսել է ամեն ինչ անել իր նպատակին հասնելու, վերարտադրվելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս