Երեկ հերթական խոշոր վթարն է գրանցվել ՀՀ զինված ուժերում, որի արդյունքում ունեցել ենք վիրավորներ եւ զոհ: Ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանը:
Սա վերջին երեք տարիների ընթացքում նմանատիպ առնվազն երրորդ դեպքն է, երբ բանակային բեռնատար-մարդատար խոշոր ավտոմեքենան վթարվում է: Ընդ որում, շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած վթարի արդյունքում ութ զինվոր զոհվեց: Իհարկե, վթարներ կարող են տեղի ունենալ ամեն տեղ եւ տարբեր պատճառներով, սակայն կոնկրետ երեկվա վթարը տեղի է ունեցել ոչ դժվարանցանելի ճանապարհահատվածում, եղանակային ոչ անբարենպաստ պայմաններում: Ասել է թե` դրա համար կարող էր լինել երկու պատճառ՝ մեքենայի անսարքությունը կամ վարորդի ոչ բավարար հմտությունը, թեեւ մեր զինված ուժերում չի բացառվում եւ այս երկու պատճառների համադրությունը:
Կոնկրետ երեկվա վթարի համար մեղավորների շրջանակը հստակ է: Մեքենաների տեխնիկական վիճակի համար պատասխանատուներից բացի՝ այստեղ կոնկրետ մեղքի բաժին ունեն այն սպաները, որոնք կոչված են ստուգելու զինակոչիկների վարորդական հմտությունները: Գաղտնիք չէ, որ մեզանում հաճախ զինակոչիկներին նստեցնում են ղեկին` առանց բավարար խորությամբ քննելու նրանց կարողությունները: Եւ որքան էլ ցավալի է, պարբերաբար կրկնվող նման վթարների համար սպայական պատասխանատու կազմից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Համենայն դեպս, նախկինում տեղի ունեցած դեպքերի հետ կապված նման նախադեպեր հայտնի չեն:
Միակ առաջընթացը, որը վերջին տարիներին նկատվում է, ՊՆ կողմից շատ օպերատիվ կերպով տարածվող հաղորդագրությունն է` վերջում զոհերի հարազատներին հայտնվող խորին ցավակցությամբ: Իսկ, ահա, կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի բացակայությունը կամ առնվազն թերիությունը փաստում է նմանատիպ վթարների կրկնությունը: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե ինչով է զբաղված ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը. ի վերջո, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զոհված զինվորի (առավել եւս խաղաղ պայմաններում) համար, եւ լավ կլինի, որ նա իր նախագահական հավակնություններին ուղղված փի-առ քայլերի արանքում գոնե երբեմն հիշի այդ մասին: