Ապրիլի 10-ին Աժ ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե ՕԵԿ գրասենյակներում կտրուկ ավելացել է կուսակցությանն անդամագրվելու դիմումների թիվը: «Այո, մեր գրասենյակներում ընդունելության գործընթացն իրականացել է այդ օրերին եւ ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Ես տեղեկություններ չունեմ, թե ով ինչ է ասում, կամ ով ում է զանգում, բայց որ մեր գրասենյակներում ակտիվություն կա, ես դա հաստատում եմ»:
Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ նախկին անդամներ, այդ թվում` պատգամավորներ, դիմել են, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ԲՀԿ անդամներ դիմել են, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ամեն խոսակցություն չի, որ հրապարակման ենթակա է»: Նշենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք լքում են կուսակցությունը, իսկ երեք հոգի էլ` ԲՀԿ խմբակցությունը՝ Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշ, Մուշեղ Պետոյան եւ Դավիթ Քոչարյան:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Բազմասեր Առաքելյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նրանք դիմո՞ւմ են ներկայացրել՝ «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու համար:
-Պարո՛ն Առաքելյան, Դուք դիմում ներկայացրե՞լ եք՝ ՕԵԿ շարքերը համալրելու համար:
-Իհարկե ոչ, Դուք ինձ տենց գիտե՞ք, ես Ձեզանից նեղանում եմ, որ Դուք ինձ նման հարց եք տալիս, Դուք իմ տեսակը չգիտե՞ք՝ որն է: Ես նեղվում եմ, որ իմ տեսակը չգիտեք: Ինչի եք Դուք ինձ էդ հարցը տալիս, Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես մյուս անգամ Ձեր հարցերին չպատասխանեմ:
-Այսինքն՝ ՕԵԿ-ին անդամագրվելն այդքան վատ բան է, ինչի համար կարելի է նեղանա՞լ:
-Իհարկե: Նման բան չկա, ինձ պետք չի նման հարց տալ:
Հ. Գ. Երեկ նույն վրդովված տոնով «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանեցին նաեւ ԲՀԿ շարքերը լքած պատգամավորներ Դավիթ Քոչարյանը, Կարո Կարապետյանը, Մուշեղ Պետոյանը եւ մյուսները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ