Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի ամենածանր հարվածը Թուրքիային. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ Թուրքիայի վրա միասնական միջազգային ճնշում բանեցնելու առումով շատ կարեւոր են մի քանի ազդեցիկ պետությունների դիրքորոշումները, որոնց թվում առանձնահատուկ տեղ ունի Գերմանիան, մի պետություն, որի պատմական դերակատարությունն ու հարաբերությունները Թուրքիայի հետ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար:

Ավելի ուշ` արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության անպատժելիությունը որպես հրեաների բնաջնջման գործընթացի հաջողության երաշխիք ներկայացնող Հիտլերի եւ երիտթուրքերի բարոյահոգեբանական եւ արժեհամակարգային կապի մասին շատ է խոսվել: Սակայն Նյուրնբերգյան դատավարությունից հետո անցած 70 տարիների ընթացքում հիտլերյան ֆաշիզմի անմարդկային համախտանիշը հաղթահարած եւ դատապարտած Գերմանիան այդպես էլ չփորձեց նույնն անել նաեւ երիտթուրքերի հարցում:

Իհարկե, Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2005թ. հունիսի 15-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակման մասին բանաձեւ, սակայն ընդհանուր առմամբ այս հարցում Գերմանիայի վարած քաղաքականությունը մշտապես աչքի է ընկել ավելի շատ թուրքամետ, քան հայանպաստ շեշտադրումներով: Ընդ որում, մինչեւ տակավին վերջերս` Հռոմի պապի ապրիլի 12-ի հայտնի ուղերձի հաջորդ օրը, Գերմանիայի կառավարությունը խոսնակ Ք. Վիրցի շուրթերով հայտարարում էր, թե «չի ցանկանում միջամտել այս խնդրին, քանի որ սա մի հարց է, որով պետք է զբաղվեն պատմաբանները»:

Մինչդեռ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել այդ երկրի խորհրդարանում ապրիլի 24-ին քննարկվելիք Օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձեւին, որում կիրառվելու է ցեղասպանություն բառը: Associated Press-ի փոխանցմամբ` այդ փաստաթղթի նախագծում ասված է, որ հայերի ճակատագիրն օրինակելի է «զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, տեղահանումների եւ ցեղասպանությունների պատմության համար»:
Պարբերականի գնահատմամբ` Գերմանիայի խորհրդարանի կողմից բանաձեւի ընդունումը երաշխավորված է թվում:

Եթե ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունի այս բանաձեւը, դա կլինի Հռոմի պապի ուղերձից հետո ամենածանր հարվածը Թուրքիային եւ կնշանակի, որ աշխարհի քաղաքական կենտրոններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն իսկ որոշված-փակված է: Ընդ որում, անկախ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից:




Լրահոս