Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին օրերի հուժկու ընթացքը երեկ է՛լ ավելի հզորացավ եւս երկու երկրների` Ավստրիայի եւ Բոլիվիայի խորհրդարանների ընդունած բանաձեւերի շնորհիվ: Ապրիլի 24-ին էլ, ինչպես արդեն նշել ենք, սպասվում է այս փուլում գործընթացի ամենակարեւոր հանգրվանը` ի դեմս Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունվելիք բանաձեւի, որում 1915թ. կատավածը որակվելու է որպես ցեղասպանություն: Բացի այդ` կա ակնկալիք, թեեւ ոչ մեծ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի վերջո, իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը:
Բնականաբար Թուրքիան գործադրում է բոլոր հնարավոր միջոցները` կանխելու գոնե այս երկու ճանաչումները, որոնցով, ըստ էության, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարելի կլիներ համարել ավարտված: Երեկվանից ԱՄՆ-ում է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, որն այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղարի հետ` փորձելով համոզել ԱՄՆ վարչակազմին ձեռնպահ մնալ այդ քայլից: Չավուշօղլուն, սակայն, փոխել է վերջին օրերի իր հռետորաբանությունը եւ երեկ Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթում վերհիշել է «ընդհանուր ցավի» մասին թուրքական վարչակազմի` վերջին մեկ տարում որդեգրած թեզը: «Թուրքիան կիսում է հայերի ցավը, թուրքական կողմը հավատում է հայ ժողովրդի հետ երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորման հնարավորությանը,- ասել է Մեվլութն ու դարձյալ հիշատակել Թուրքիայի նախորդ եւ ներկա վարչապետների հայտարարությունները,- Մենք խիզախ քայլեր ենք կատարել հաշտեցման ուղղությամբ, եւ հույս ունեմ, որ մեր հայ բարեկամները դա նույնպես հասկանում են»:
Դրանից քիչ առաջ էլ տարածվել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որում դարձյալ կրկնվում են Էրդողանի` նախորդ տարի հրապարակած ուղերձի երեսպաշտական ձեւակերպումները, որոնք, սակայն, վերահաստատում են Թուրքիայի ժխտողականությունը: Ընդամենը օրեր առաջ Հռոմի պապի հայտարարությունը «զառանցանք» որակող եւ լկտի ինքնավստահությամբ աշխարհի բոլոր երկրներին Թուրքիային որեւէ բան չպարտադրելու զգուշացում անող Դավութօղլուի այս հայտարարության նպատակը մեկն է` փորձել կանխել Գերմանիայի Բունդեսթագի ընդունելիք բանաձեւում «ցեղասպանություն» բառի կիրառումն ու հավաստիացումներ տալ ԱՄՆ-ին, որ իրենք քայլեր կանեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Կհաջողվի դա արդյոք Թուրքիայի իշխանություններին, պարզ կդառնա արդեն երկու օրից: Մեկ բան, սակայն, հստակ է՝ 100-ամյա այս տարելիցն իրապես դառնում է ոչ թե մեր պայքարի ավարտ, այլ ընդամենը վերաիմաստավորման հանգրվան` առաջիկայում ոչ միայն ճանաչման, այլեւ պահանջատիրության գործընթացն առաջ տանելու համար: