«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երեկ հաստատել է, որ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` սա որակելով որպես դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը: Այն, որ Սպիտակ տունը հենց նման որոշում էր կայացնելու, միանգամայն սպասելի էր, թեեւ Հռոմի պապի հայտարարւթյանը հետեւած ճանաչումների շղթայի հանգուցային օղակը դառնալու հարցում ԱՄՆ-ի համար, թերեւս, լավագույն հնարավորությունն էր ստեղծվել:
Քաղաքականությունից հեռացող Օբամայի կողմից ցեղասպանություն բառի օգտագործումը մեզ համար առանձնահատուկ կարեւորություն ուներ հենց այս փուլում` որպես ճանաչման գործընթացի ամբողջացման ամրագրում: Եվ ԱՄՆ նախագահի ուղերձը, որն ի դեպ, որեւէ իրավական ուժ չունի, մեզ անհրաժեշտ էր կա՛մ հիմա` 100-րդ տարելիցին, կա՛մ այլեւս երբեք: Ի վերջո, ԱՄՆ 50 նահանգներից 46-ն արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ ԱՄՆ ֆեդերալ իշխանությունների կողմից ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Եվ վաղվա իր ուղերձում 1915թ. կատարվածը ցեղասպանություն չճանաչելով` Օբամայի վարչակազմն ընդամենը մի փոքր էլ երկարաձգեց այդ ժամանակը, սակայն ի հաշիվ ԱՄՆ հեղինակության որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ջահակիր երկիր:
Ինչ խոսք, մեզ համար սա հիասթափություն է, սակայն եթե փորձենք հարցին մոտենալ «real politik»-ի տեսանկյունից, ապա պետք է նշենք, որ ԱՄՆ-ի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը այս փուլում կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ հենց Հայաստանի համար: Ի վերջո, ապրիլի 25-ին եւ դրանից հետո մենք դատապարտված ենք ապրել Թուրքիայի եւ Ադրբեջանի արյունարբու հարեւանությամբ: Եւ հատկապես վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում թափ հավաքող ծայրահեղական իսլամիզմն իր` 21-րդ դարի համար աներեւակայելի դրսեւորումներով կարող էր նոր, ահռելի վտանգներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար` տեղափոխվելով արդեն Արեւմուտքից, այդ թվում եւ ԱՄՆ-ից «մերժված» եւ «կատաղած» Թուրքիա: Արդյո՞ք մենք պատրաստ ենք դիմագրավելու նման վտանգներին, ունե՞նք բավարար ռեսուրսներ` Հայաստանի եւ Արցախի անվտանգության նոր սպառնալիքները չեզոքացնելու եւ զուգահեռ պահանջատիրության պայքարը տանելու համար: Հարցեր են, որոնց պատասխանը, թերեւս, ներքուստ գիտենք բոլորս:
Եվ ուրեմն պետք չէ հուսահատվել Օբամայի խոստումնազանցությունից, պետք է պարզապես «դանդաղ շտապելով»` լուծել մեր բոլոր ազգային խնդիրները` սկսած ՀՀ-ի ներսում առկա ախտերի` կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների հաղթահարումից եւ իրապես ժողովրդավարական երկիր դառնալուց, ավարտած ԼՂՀ հիմնահարցի կարգավորմամբ եւ Հայ դատի հաղթանակով: